ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի
խոսքով՝ պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարներն իրենց խաղաղ են զգացել, երբ
Հայաստանը եղել է պատերազմի մեջ: «Պատերազմի սուրը ժողովրդի
գլխից կախած՝ նրանք իրենց կյանքն են վայելել։ Նրանց որդիները ծնվել են այլ երկրներում, ներգրավված չեն եղել հայրենիքի
պաշտպանության գործընթացներում, որևէ մեկը
Ղարաբաղում չի եղել կամ եթե եղել է՝ գնացել
է բնությունը վայելել, լուսանկարվել եկել է։ Նրանք իրենց խելացի են զգացել այն օրերին,
երբ ՀՀ ժողովրդին պահել են տգիտության ու չիմացության մեջ»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այդ ուժերը քանդել են դպրոցներ, «մեջ-մեջ» են արել մանկապարտեզի
շենքերը, տվել իրենց ընկերներին. «Քաղաքական իմաստով չկա
բովանդակություն, որ կարող են գեներացնել ընդդիմադիր ուժերը։ ՀՀ պետական բյուջեն արդեն 8 մլրդ դոլարի է հասնում,
մոտ 6 մլրդ-ով ավելացրել ենք։ Դա այն գումարն է, որ այդ մարդիկ պետք է իրար հետ ուտեին։
Առնվազն պետք է նեղված լինեն, որովհետև սոված են մնացել պետական բյուջեի փողերն ուտելուն,
դրա համար էլ ինչ տխմարություն ասես, թե չեն հնչեցնում իրենց 65 կտորից պատրաստված
տեսանյութերում»։
Այն հարցին, թե ամեն օր նոր ձայնագրություն է հրապարակվում,
որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն
ընտրակաշառք են բաժանում, արդյոք դա բավարար հիմք չէ՞ նրանց մասնակցությունն արգելելու
համար, պատգամավորն ասաց․ «Ոչ մեկ անգամ ենք ասել,
որ գնալու ենք բացառապես ժողովրդավար ճանապարհով։ Կուսակցությունները գրանցվում են
արդարադատության նախարարությունում և հնարավորություն ստանում մասնակցել ընտրություններին։
Ընտրական գործընթացների ճանապարհին ընտրախախտումները պետք է արձանագրվեն ու կանխվեն
իրավապահ մարմինների կողմից։ Այս պահին չկա ձևաչափ, որ ԿԸՀ-ն կասեցնի որևէ ուժի մասնակցությունն
ընտրություններին»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում