Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։


Ուղերձում ասվում է․

«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում եւ դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն:

Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին»: