Հայաստանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ
գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ կտա այս գագաթնաժողովը մեզ, ինչպես
նաև ներքաղաքական իրադարձությունների մասին։
«Կարծում եմ, որ արդեն իսկ գագաթնաժողովի բուն փաստը Հայաստանի
համար շատ կարևոր է, որովհետև, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որևէ
մեկը ութ տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն եվրոպական
բոլոր մայրաքաղաքների ներկայացուցիչները։ Սա ֆենոմենալ փաստ է, և այդ փաստն ապացուցում
է, որ մեր ժողովրդավարությունն արժեք է ոչ միայն մեզ համար, այլև բուն Եվրոպայի համար,
և այդ ժողովրդավարական արժեքների հենքի վրա է մեր համագործակցությունը քաղաքակիրթ աշխարհի
հետ։ Ու այդ համագործակցությունը միայն ցուցափեղկ չէ, ցուցադրական չէ՝ եկան, զբոսնեցին,
նկարվեցին, շատ հաճելի տեսարաններ, կադրեր, թերևս եվրոպական մայրաքաղաքների թերթերի
առաջին էջերում հայտնվող լուսանկարներ։ Ոչ, այս ամեն ինչը շատ կարևոր է մեզ համար,
և ես վստահ եմ, որ այս ամեն ինչի հենքում հենց ծնվելու են ոչ միայն ՀՀ-ում ժողորդավարության
զարգացման նախադրյալները, այլև այս ամեն ինչի հիմքում լինելու են համագործակցության
համաձայնագրեր»,- ասաց Անահիտ Ադամյանը՝ հավելելով, որ դրանք վերաբերելու են հենց մեր
անվտանգությանը։
Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունիսի 7-ին
Նիկոլը հաղթելու է: Ավելի ճիշտ, ընդդիմությունն է պարտվելու, ինչպես 2021 թ.: Պարտվելու
է, որովհետև Քոչարյանի հիվանդ ամբիցիաների ու քինախնդրության պատճառով չհամախմբվեցին
Սամվել Կարապետյանի շուրջն ու չկարողացան ընտրությանը մասնակցել մեկ ճակատով ու «ամեն
գնով հեռացնել Նիկոլին» հաղթող նշանաբանով: Ես չեմ կարող խաբել՝ գնացեք-ընտրեք անցողիկ
ընդդիմադիր ուժերից մեկին, որ անցնեն խորհրդարան ու «Գյումրի-2» անեն՝ Նիկոլին հեռացնեն»։
Այս առնչությամբ Անահիտ Ադամյանն ասաց՝ հաճելի է լսել, որ իրենք
խոսում են իրենց պարտությունից, և իսկապես հաճելի է, որ այդքան բարձր գիտակցություն
ունեն։
«Ես կարծում եմ, որ որևէ մեկը՝ Կրեմլի վկաների ճամբարում գտնվող
որևէ ուժ, իրավասու չէ ինքը լուծելու իր անելիքների կամ ծրագրերի հարցը։ Նրանք կատարում
են հրաման, իսկ էդ հրամանը նրանց տրվում է Կրեմլից։ Համենայնդեպս, որևէ մեկը, եթե հայկական
մենթալիտետն ուսումնասիրենք, չէր կարծի ու չէր մտածի, որ Մարտուն Գրիգորյանը Վարդան
Ղուկասյանին ձայն կտա, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ։ Հայկական մենթալիտետում,
Գյումրիի պես քաղաքում դա անհասկանալի էր»,- նշեց Անահիտ Ադամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան