Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։


Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։


Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։



Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։