ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր երկու ուժերի, որոնք, ըստ նրա, օգտագործում են իրենց ռուսաստանյան կապերը՝ հայ գործարարներին վնասելու համար։
Պատգամավորը պնդում է, որ վերջին օրերին հայ արտադրողների խնդիրները «Ozon» և «Wildberries» հարթակներում արհեստականորեն հարուցվել են հայաստանյան ընդդիմության կողմից։
Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ընդդիմադիրները փորձում են քաղաքական միավորներ հավաքել՝ հարվածելով հայկական բիզնեսին։
«Ախ շատ ողորմելի եք էլի ուղղակի։ Այսինքն դուք էն հույսն ունեք, որ գնալու եք Ռուսաստանում ձեր բիզնես կամ ոչ միայն բիզնես կապերն օգտագործելով... Ozon-ում, Wildberries-ում հայ արտադրողներին փորձելու եք ճնշեք, նենց անեք, որ մի քանի օրով կամ մի շաբաթով մարդկանց վաճառքն արգելեք, ու դա ձեզ Հայաստանում քաղաքական դիվիդենտ ա բերելու՞։ Էդքան ուժեղ կապերով տղերք էիք, ուրիշ ժամանակ ուրիշ երկրի ներկայացուցիչների ճնշեիք բա... դուք մենակ ձեր հայրենակիցների վրա եք կարում, կներեք ձեր բառապաշարով ասեմ՝ գանյատ անեք»,- ասել է պատգամավորը։
Պատգամավորը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վերջին շրջանում վնասներ են կրել նշված առցանց հարթակներում, հստակ իմանալ, թե ով է կանգնած այդ ամենի թիկունքում։
«Սիրելի քաղաքացիներ, ովքեր որ տուժել են Wildberries-ի, Ozon-ի էս վերջին դեպքերից, իմացեք, որ դրա հետևում կանգնած ա Հայաստանի քաղաքական ընդդիմադիր երկու ուժ։ Ինձ թվում ա դուք ինձնից լավ գիտեք դրանց անունները... Դուք մենակ հայ ժողովրդին, հայ արտադրողին, հայ բիզնեսմենին վնաս կարաք տաք ուրիշ երկրներում՝ ուրիշների ոտերն ընկած լինելով»։
Չնայած ստեղծված խոչընդոտներին, Ալեքսանյանը վստահություն է հայտնել, որ պետությունը կկարգավորի իրավիճակը, իսկ ընդդիմությունը կստանա իր արժանի պատասխանը հենց տուժած գործարարների կողմից։
«Էս հարցն էլ կլուծվի միանշանակ, բայց դուք սրա գնահատականը ստանալու եք էդ արտադրողներից։ Լավ իմացեք՝ ով ա սրա հետևում»,- եզրափակել է նա։