Սամվել Կարապետյանի քարոզչական թիմը նոր ֆորմատ է հղացել՝ «ուժեղ Ալիկի»՝ Ալիկ Ալեքսանյանի կողմից 5 հարց հղել «կլիենտին», որպեսզի դրանց պատասխանների միջոցով հանրությունը տեսնի ու համոզվի, որ Սամվել Կալուգացին «բառը բառի քով» դնելու, պարզ ընդարձակ նախադասություն կազմելու կարողություն ունի, և միշտ չէ, որ նրա դեմքով ու ձայնով է խոսում ու ցուցադրում արհեստական բանականությունը։
Արդեն երկրորդ թողարկումն է ֆեյսբուքյան եթեր հեռարձակվել, ու այդ երկու թողարկումների ժամանակ հնչած հարցուպատասխանի որակն ու մակարդակը ստիպում են անել պեսիմիստական եզրակացություն՝ արհեստական բանականությամբ գեներացված Սամվել Կարապետյանը ոնց որ թե ավելի գրագետ էր, ավելի լրջմիտ ու ադեկվատ, քան օրիգինալը։ Եվ ուրեմն, ինչպես կասեր դասականը՝ օրիգինալին տարեք, «պատենտին» հետ բերեք։
Թվում էր, թե բարերար, հարուստ, հաջողակ,
«Ֆորբս»-ի միլիարդատերերի ցուցակում ներառված Սամվել Կալուգացին պետք է սրբազան երկյուղածությամբ
վերաբերվեր աշխարհում ամենաթանկ բանին՝ ժամանակին, այն օգտագործեր հաշվարկված, չափված,
ձևված խոսքով հանդես գալու, հանրությանն իր տնտեսական «վաու» ծրագրի դրույթները, նյուանսները,
թող որ պոպուլիստական լուծումները գրագետ, թիրախային, մի խոսքով՝ իր ասած էն «վիսշի
կլասի» ձևերով բացատրելու, հալելու, ժողովրդի գլուխը լցնելու նպատակով, բայց․․․ ոչ։ Իրեն «բեզպիծիմինուտ» ու թիմի առաջ
վարչապետ երևակայող Սամվել Կալուգացին, փաստորեն, որոշել է ժամանակը մսխել իր թիմի «ուժեղներից» մեկի, ինչքան
ուժ ունի, չխմազ հարցերին պատասխանելու, էժանագին որակումներ, անմակարդակ շուլուխներ,
ջրիկ, պարզունակ, մանկապատանեկան դիտարկումներ անելու վրա՝
Սամվել պոպուլիստից «մանրից» վերածվելով Սամվել գյադաիստի (գյադա բառից)։ Ինչևէ։
Դառնանք հարցուպատասխանի ժամանակ հնչած
մի «հանճարեղագույն» հարցի՝ «ինչո՞ւ է Հայաստանն
այսքան աղքատ»։ Թվում էր՝ միլիարդատեր մարդը,
որը քաղաքական լրջագույն հայտ է ներկայացրել՝
դառնալ ՀՀ վարչապետ ու առերեսվել այդ չափազանց զգայուն՝ աղքատության խնդրին, պետք է
արգելեր իր քարոզչական թիմին ջրիկանալ այդ թեմայով, իրեն «ոտքի վրա», «բլից» ֆորմատում
հարց տալ տարողունակ, բազմաշերտ հարցի վերաբերյալ՝ միաժամանակ դարակում ունենալով թեմայի վերաբերյալ ծանրակշիռ, փաստարկված վերլուծություն, բայց․․․ ոչ։ Հարցը ոչ միայն հնչեց, այլև դրան աշխարհի մակարդակով հարուստ մարդու կողմից
տրվեց ցինիկագույն պատասխան։ «Որովհետև իշխանավորների
գլխի մեջ տոտալ աղքատություն է։ Որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել
նորմալ ապրող մարդկանց։ Նրանք կարում են կառավարել միայն աղքատ մարդկանց։ Որ՝ 10 հազար
դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները»։
Զիլ տրամաբանություն է, ինչ խոսք, այսօր
երկրում աղքատություն կա՝ իշխանության գլխում առկա աղքատության պատճառով, փաստորեն։ Սամվել Կարապետյանի քիփ ընկերների՝
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, ստացվում է, երկրում աղքատություն պիտի որ
եղած չլիներ, այն էլ՝ երկնիշ թվերով, քանի որ էդ՝ ի ծնե, ի բնե հարուստ նախագԱների
գլխում, գրողը տանի, տոտալ հարստություն էր։ Այն մասշտաբի հարստություն, որ ժայթքել
ու տարածվել էր ողջ երկրով մեկ՝ բոլորին ստիպելով ապրել հարուստ, կուշտ, գոհ ու բարգավաճ։
Դե իսկ նորմալ, հարուստ ապրելու ընձեռված հնարավորությանը դիմադրած տասնյակ հազարավոր աղքատներին էլ երկրում ստեղծված
վիճակը այլ ելք չէր թողել, քան արտագաղթի ավտոբուսները, «սամալյոտները» «բարձվելն»
ու հայդե, երկրից դուրս քշվելը, այդ թվում՝ դեպի ՌԴ-ի տարբեր քաղաքներ՝ Պսկովից մինչև
Յակուտսկ ու Օմսկ։ Այնպես որ, Հայաստանը աղքատներից մաքուր երկիր էր, հետևապես նախընտրական
շրջանում երբ ընտրակաշառք էր բաժանվում՝ 5 հազար դրամի կամ բնեղենով՝ ջեմի, տուկի թելի,
սերմացու կարտոլի տեսքով, դա արվում էր միանշանակ
«հայրենանվեր», ոչ թե սոցիալապես խոցելի խմբերի քվեներն առնելու նպատակով։
Ի գիտություն Սամվել Կալուգացու, որը,
փաստորեն, չափազանց զբաղված է եղել իր հարստությունը դիզելով ու աչքաթող է արել հայրենի
երկրում ապրողների դրությունը. ՀՀ-ում մասնավորապես Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք
եղել է երկնիշ աղքատություն։ Մասնավորապես 2007-ին երկրում աղքատության մակարդակը
25 % էր, 2010 թվականին այն հասել էր
35.8%-ի, իսկ 2017-ի ամփոփ տվյալներով՝ աղքատությունը կազմում էր 25.7%։
Հա, մի բան էլ․ աղքատության, թոշակների բարձրացման թեման շոշափում է մեկը, որի ղեկավարած ուժի
ներկայացուցիչները, ըստ իրավապահ մարմինների
հաղորդագրությունների, օրերս բռնվել են ընտրակաշառքի գործով։ Արդ, հարց է ծագում՝ եթե
այս՝ «աղքատ գլխով» իշխանությունը մարդկանց թոշակները բարձրացնում է իր «ոչ հայրենանվեր
խոսույթները թելադրելու» համար, ապա ի՞նչ նպատակով է հարուստ գլխով, քսակով, բանկային
հաշիվներով Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ընտրակաշառք բաժանում։ Սարգիսիչի
արտաբերած՝ էդ ո՞ր հայրենանվեր, ազգահաճո,
աստվածաշնչային խոսույթը թելադրելու համար։
Հ.Գ. Հա, մի թախանձագին խնդրանք «ընդմիշտ ուժեղ» Ալիկ Ալեքսանյանին՝
հաջորդ 5 հարցուպատասխանի թեմաներն այնպես ընտրեք,
որ «շեֆին» անհարմար դրության մեջ չդնեք։
Թե չէ ընտրողը
ձեզ նայում ու ամեն անգամ համոզվում է հայտնի ֆիլմի հերոսի ասածում՝ «Если человек идиот, то это надолго»։
Հեղինե Մանուկյան