«Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ներկայացրած ընդդիմության զգալի հատվածը պրոռուսական է և ըստ էության սպասարկում է այսօրվա Ռուսաստանի շահերը: «Դա այնքան ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը չի էլ թաքցնում»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ըստ Վարդանյանի՝ շրջանառվող Գյումրու սցենարն այն մասին չէ,
որ փոքրամասնությունը պարզապես կարող է կառավարություն ձևավորել՝ կոալիցիայի միջոցով: «Գյումրու սցենարն այն է, որ դու մանիպուլացնես քո ընտրողին, ասես, որ դու կապ չունես
այս քաղաքական ուժերի հետ, երբեք չես համագործակցի, բայց մտնես խորհրդարան ու վերջում
միավորվես՝ այնպես անես, որ քո ձայները հարաբերականորեն ավելի շատ լինեն, քան առաջին
տեղը գրավողինը»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ ակնհայտ է, որ Կրեմլի ծրագրավորված ֆավորիտը Սամվել Կարապետյանն է. «Թե ինչու է այդպես՝ մի քանի գործոն կա։ Մեկն այն է, որ իրենց հաշվարկով՝ Կարապետյանը
չի եղել իշխանության ներսում ու չի պարտվել, իսկ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ
Սարգսյանը պարտվել են, Սարգսյանը՝ մի քանի անգամ։ Դրա համար Սերժ Սարգսյանը ուղղակիորեն
չի մասնակցում ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը երկրորդն է, մի անգամ է պարտվել,
ըստ Կրեմլի մտածողության՝ դեռևս կարող է դեր խաղալ։ Պետք է մեկը, ով դեռևս չի պարտվել։
Բացի դրանից՝ կան մեծ ֆինանսական հնարավորություններ ու կախվածություն Ռուսաստանից»։
Խոսելով Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցի մասին, երբ
ռուսաստանցի օլիգարխը կառուցողական էր գնահատել Ծառուկյանի ու Քոչարյանի՝ ամենաշատ
քվե ստացած ուժերին ձայներ տալու հայտարարությունը, փորձագետը նշեց ՝անհնար է, որ երեք
ուժերից որևէ մեկը 50+1 տոկոս ձայն ստանա. «Բայց 10 կամ 20 տոկոսի հավանականություն կա, որ մտնեն խորհրդարան՝ երեքի
ձայները ավելի շատ լինեն։ Երբ նայում ենք բոլոր արժանահավատ ձայները՝ տեսնում ենք,
որ ընդդիմության ներսում առաջին տեղում Սամվել Կարապետյանն է»։
Քոչարյանը կզիջի՞ իր ձայները՝ հարցին ի պատասխան Վարդանյանն
ասաց. «Ինչպես Կրեմլից կասեն՝
բնականաբար, ամբիցիաներ կան, չի էլ բացառվում, որ այդ սցենարն էլ է քննարկվել․․․ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, որ Սամվել Կարապետյանը լինի՝
բնականաբար, Քոչարյանն է թեկնածուն»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում