Ինչո՞ւ Թրամփին չի գոհացնում Իրանի նոր «ճանապարհային քարտեզը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկը։ Այս մասին հայտնել է CNNհեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի մի քանի աղբյուրների։


Ըստ նրանց տվյալների՝ Թրամփը «դժվար թե ընդունի այս պլանը, որը [Իրանի կողմից] փոխանցվել է ԱՄՆ-ին վերջին օրերին», քանի որ «այն բաց է թողնում [իրանական] միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը»։


Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը միջնորդներին է փոխանցել եռափուլ պլան, որի համաձայն պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Ըստ այդ տեղեկատվության՝ իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը «կենտրոնանա պատերազմի դադարեցման և երաշխիքներ ստանալու հարցի վրա», որ Իրանի և Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Քննարկումների երկրորդ փուլը պետք է լինի հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցը։ Երրորդ փուլը, ըստ Իրանի առաջարկի, կվերաբերի Թեհրանի միջուկային դոսյեին։ Ընդգծվում է, որ իրանական կողմը հրաժարվում է քննարկել այս թեման՝ առանց նախորդ երկու հարցերի շուրջ համաձայնության հասնելու։


Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։