Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ

ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ կուսակցությունները/կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։


Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:


Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած վճարումներից։


Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում՝

  •  Արդշինբանկ ՓԲԸ
  •  Հայէկոնոմբանկ ԲԲԸ
  •  ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
  • Յունիբանկ ԲԲԸ
  •  ՎՏԲ –Հայաստան բանկ ՓԲԸ
  • Ֆասթ բանկ ՓԲԸ


Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։


Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են՝


Զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները,


Սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները,


Վստահված անձանց փոխհատուցման ծախսերը,


Քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը,


Ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը,


Մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը,


Դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը,

Տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։


Հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր


Ընտրական շտաբների կոմունալ ծախսեր


Տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսեր


Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների  կոմունալ ծախսեր


Հայտարարագրման ենթակա ծախսերը չներառելն առաջացնում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:


Կատարված ծախսերի սահմանաչափի գերազանցումն առաջացնում է վարչական տույժ՝ սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։


Եթե սահմանված ուղղություններով կատարված ծախսերի և  պետական բյուջե վճարվող տուգանքների  գումարն ավելին է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120 տոկոսից, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը։