«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Washington Hilton հյուրանոցի ընթրիքին հրաձգության ժամանակ իր տարհանումը ուշացել է, քանի որ ինքը ցանկացել է տեսնել, թե ինչ է կատարվում։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։


Հարցազրուցավարը Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե ինչու են անվտանգության ծառայության գործողություններն այդքան երկար տևել։ Նրա խոսքով՝ կրակոցների հնչյունների լսվելուց հետո դահլիճից նախագահի տարհանման համար պահանջվում է մոտ 30 վայրկյան։


Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ տարհանումը ուշացել է, քանի որ իրեն հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է կատարվում։


«Դրանում մասամբ կար նաև իմ մեղքը։ Ես ուզում էի տեսնել՝ ինչ է կատարվում, և ես առանձնապես չեմ օգնել նրանց [անվտանգությանը]։ Ես ուզում էի հասկանալ, թե բանն ինչ է։ Եվ այդ պահին մենք սկսեցինք գիտակցել, որ դա հավանաբար լուրջ խնդիր է, այլ տեսակի խնդիր, վատ խնդիր։ Եվ դա տարբերվում էր խնջույքների սրահում սովորական աղմուկից, որ մշտապես լսվում էր։ Ինձ շրջապատում էին հիանալի տղաներ։ Եվ ես, հավանաբար, ստիպեցի նրանց փոքր-ինչ դանդաղ գործել։ Ես ասացի. «Մի րոպե սպասեք, մի րոպե սպասեք։ Թողեք տեսնեմ։ Մի վայրկյան»»,- ասել է Թրամփը։


ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցում CBS News-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրաձգությունից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները ակնթարթորեն դուրս են բերել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերելու համար որոշ ժամանակ է պահանջվել։