Արմեն Աշոտյանի «կանդալված» հիշողությունն ու բարոյականությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը օգտվելով այն հանգամանքից, որ փոխվել է իր խափանման միջոցը, ներս ու դուրս անելու հնարավարություն ունի,  որոշել է ընդդիմադիր «ֆորմի» մեջ մնալու, 2018-ի հեղափոխության խորացող տրավման հաղթահարելու և վերջապես պարապուրդը լցնելու համար «բողոքի միջոցառումների ծրագիր» «բզբզալ»։ Կարճ ասած՝ «հարամել» Հայաստանում առաջիկայում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը, որը, ինչպես ինքն է ասել նախօրեին կայացած ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը որոշել է վերածել «նախընտրական քեֆի»։ Դե, իսկ այդ գագաթնաժողովի մասնակիցներն էլ, ըստ Աշոտյանի բուժման ենթակա երևակայության, հատուկ են որոշել Երևանում անցկացնել այս կարևոր միջոցառումը, որպեսզի իրենց սատարումը հայտնեն Հայաստանի «դավաճանական ռեժիմին»։  Խոխմա է, չէ՞։


Եվ որպեսզի ՀՀԿ-ն՝ իր չունեցած ռեյտինգով,  ունեցած տիեզերածավալ անտիռեյտինգով,  հարամի այդ «տոնը»՝ «քեֆը», Սերժ Սարգսյանի տեղակալն առաջարկում է իր ընդդիմադիր գործընկերներին միջոցառումների շարք իրականացնել՝ «կանդալ» (ձեռնաշղթա) «բրենդի» ներքո։  «Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իր, կոպիտ ասած, քեֆը չհարամվի, և եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի  իրական Հայաստանի, խնդիրների, ցավերի և դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, հակաեվրոպական չէ, այն պրոեվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները,  օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված է այսօր Հայաստանում»,- ազդարարել է Արմեն Աշոտյանը՝ ստիպելով իր ասուլիսին հետևած (եթե, իհարկե, այդպիսիք եղել են) եվրաչինովնիկներին անզուսպ ծիծաղել։ 


Աշոտյանն, արդ,  առաջարկել է միասնական պայքարի խորհրդանիշ ընտրել ձեռնաշղթաների պատկերը, որն էլ, ըստ նրա երևակայության, խորհրդանշում է այսօրվա Հայաստանը՝ «կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է՝ դադարեք երկդիմիությունը, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա ժողովրդավարական արժեքների և հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկում ենք։ ՀՀԿ-ն առաջարկում է բոլոր այն ակցիաները, որոնք իրականացվելու են այդ օրերին, իրականացվեն միասնական այս բրենդի տակ»,-առաջարկել է հուզական՝ ակնհայտորեն  անկայուն վիճակում գտնվող Աշոտյանը։ Պարզվում է՝  ՀՀԿ-ն  մշակել է «քեֆահարամության» գործողությունների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի՝ այստեղ գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու  երկու բլոկ խնդիրներ՝ «Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է՝ ժողովրդավարության բացակայությունը, և Արցախ՝ իր բոլոր բխող խնդիրներով»։ 


 Աշոտյանի հիշողությունը, ինչու չէ՝ նաև բարոյականությունը, ակնհայտորեն «կանդալված» են, այլապես ներկայիս՝ հետհեղափոխական, եթե կուզեք՝ հետՀՀԿ-ական  Հայաստանի ժողովրդավարության վիճակն ախտորոշելուց առաջ կհիշեր, թե ի՜նչ դաժանությամբ ու հետևողականությամբ էին բռնաբարվում ժողովրդավարական ինստիտուտները՝ արդարադատությունից մինչև խոսքի ազատություն, ինչպես էր իշխանությունը մոնոպոլացվում, ինչպես էր  հալածվում  քաղաքական այլակարծությունը։  Ի  դեպ, երբ Աշոտյանի համար այլևս սիրելի դարձած  «քաղբանտարկյալ» տերմինը  գործածվում էր  ՀՀԿ-ի կառավարման տարիներին  կալանավորված ու ապօրինի քրեական հետապնդման ենթարկված  քաղգործիչների վերաբերյալ, նախկին իշխող ուժի ներկայացուցիչն ու նրա  գործընկերները միանգամից խաչակնքում էին ու չքմեղի դեմքով հայտարարում՝ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ։ Եվ սա այն դեպքում, երբ նույն եվրոպական կառույցները, նույն ԵԽԽՎ-ն, ի դեպ, մասնավորապես «Մարտի 1»-ի ողբերգությունից հետո ընդունած իր բանաձևերում  բաց տեքստով նշում էր ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողների մասին։ Այդ բանաձևերից մեկում (1609),  օրինակ, նշվում է. «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասը առերևույթ արհեստական է և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»:  


 Իսկ ահա   գործող իշխանության օրոք չենք հիշում, որ միջազգային որևէ կառույց իր որևէ բանաձևում հիշատակեր ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին կամ, ասենք, արձանագրեր ՀՀ-ում ժողովրդավարության ինստիտուտների հետընթացի մասին։ Այս հանգամանքն է, որ ստիպում է «Եվրոպական ժողովրդական կուսակցության»-ն անդամակցող
ՀՀԿ-ին հոգեխանգարմունքի, կներեք բառի համար՝ քաղաքական «լոմկայի» մեջ ընկնել և ուշադրություն գրավելու համար քաղաքական «ստրիպտիզներ» բեմադրել, այդ թվում՝ միջազգային կառույցների դռների առաջ։ Այդօրինակ ակցիաներից մեկի ժամանակ՝ ԵՄ պատվիրակության շենքի առջև,  հիշենք,  մի քանի տարի առաջ Արմեն Աշոտյանը անպատվել էր ՀՀ-ում ԵՄ դեսպանին, այն նույն ԵՄ-ի, որից այսօր քաղաքական ուշադրություն և աջակցություն է խնդրում։  «ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում: Ո՛չ նախորդ դեսպանն էր մի բան, ո՛չ էս մի դեսպանն է մի բան: ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին»,- խրոխտ ազդարարել էր ՀՀԿ փոխնախագահն ու մասնավորապես հավելել. «Տիկին դեսպան, Ձեզ քանիցս փորձել եմ կարգի հրավիրել, Ձեր աչքերը բացել՝ միամտաբար մտածելով, որ Դուք տեղյակ չեք: Չէ՛, Դուք շատ լավ էլ տեղյակ եք: Ոչ միայն տեղյակ եք, այլ նաև անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում»: ՀՀ-ում ԵՄ «սպիսատ» արած դեսպանն այդ օրերին, հիշեցնենք, պատկառելի տարիք ու փորձ ունեցող Անդրեա Վիկտորինն էր։  


Միով բանիվ նկատենք՝ Աշոտյանի երեկվա ասուլիսում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես ժողովրդավարության մասով, մեր մեջ խղճահարություն հարուցեցին ՀՀԿ-ական գործչի հանդեպ։ Մեզ թվաց, որ քրեական հետապնդման ենթարկվող ու իր մասով դատավճռին սպասող պարոն Աշոտյանը կալանավայրում գտնվելու շրջանում վարակվել է մի հիվանդությամբ, որը «պացիենտի» մոտ հալյուցինացիաներ է առաջացնում, խցանում ադեկվատությունը, ստիպում խառնել տեղն ու ժամանակը, ասենք՝ ներկա ժամանակով խոսել, բայց նկարագրել  ոչ վաղ անցյալի՝ նախքան 2018 թվականը եղած գաղջ, քստմնելի իրավիճակն ու մթնոլորտը։  Իզուր չէ, որ ՀՀ ընտրողը  2018-ին «սպիսատ» արեց այս կուսակցությանը երկրի կառավարումից, կուսակցություն, որը սեփական նախաձեռնությամբ «սպիսատ» եղավ 2026-ի հունիսի ԱԺ ընտրությունների պայքարից՝ խայտառակության «ռուբիկոնը» երկրորդ անգամ չանցնելու վախից։ 


Հ. Մ.