Գոհար Աշոտովնան հիմարի՞, թե՞ «շլանգի» տեղ է դնում իրեն, հանրությանն ու իրավապահներին


Ամենայն հարգանքով բոլոր կերակրող կանանց, հայրենական պատերազմի վետերանների, վաստակավոր ուսուցիչների, հանրապետության բոլոր Գոհարների ու Ռոզալիաների հանդեպ ու հարգելով նրանց անմեղության կանխավարկածը՝ ուզում ենք մի դիտարկում անել՝ տիկնա՛յք սիրասուն, հատկապես՝ Գոհարներ, եթե որոշել եք ինչ-որ մեկի ծննդյան տոնի առթիվ նվեր մատուցել, դիցուք՝ «միքսեր», «բլենդեր», «էպիլյատոր», «տելեվիզոր», փող կամ էլ՝ «Պոլե չուդեսի» Յակուբովիչի պես՝ «ավտամաբիլ», ապա նվիրելիքը մատուցեք ճիշտ ժամանակին, ցանկալի է՝ հոբելյարի ծննդյան օրը, քարը տրաքի՝ մի քանի օր ուշացումով, բայց ո՛չ երբեք 9 ամիս անց։ Մարդ ես, կարող է պատահի՝ ձեր բարեգործական ժեստը՝ ուշացած նվերը նվիրելու ժամկետը համընկնի նախընտրական շրջանի հետ, երբ օրենքով արգելված է բարեգործությունը՝ դրանից բխող քրեա-իրավական հետևանքներով։   

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդմանը, վստահ ենք, մեր հետևորդները տեղյակ են։ Լսել են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Գոհար Աշոտովնա Ղումաշյանը հեռախոսազանգի միջոցով գումար է խոստանում ինչ-որ քաղաքացու՝ նրա կողմից ակնկալված «տելեվիզորի» փոխարեն։ Հետո շնորհակալական զանգ է ստանում քաղաքացու կողմից՝  ստանալիքը ստացած լինելու համար։ Մեկ այլ՝ Մարգահովիտում 200 աշխատատեղով կարի ֆաբրիկա ունեցող քաղաքացու էլ, որը ակնկալում է «զակազներ» ստանալ, ի պատասխան՝ տիկին Ղումաշյանը առաջարկում է քաղաքացու կոնտակտը փոխանցել իր աշխատակցին, որը զբաղվում է այդ թեմայով՝ խոստանալով՝  ինքը կզանգահարի, տեղում կգնահատեն արտադրամասը, հնարավորությունները կհասկանան ու կհամագործակցեն։


Ինչո՞ւ ենք այս աղմկահարույց ինցիդենտի մանրամասներին նորից անդրադառնում, քանի որ Գոհար Ղումաշյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում փորձում էր «սվաղել» իրեն վերագրվող արարքը՝ ընդհուպ զավեշտի հասցնող պարզաբանումներ տալով։ Իսկ ինչ էր ասում Գոհար Աշոտովնան աղմուկ հանած ձայնագրության մեջ։ Դե, տնավարի խոսակցություն ունենալով «տելեվիզորը» փողով փոխարինելու մասին՝ վերջում խնդրում էր, որ փողը «ստացողը»՝ պարզվեց Ռոզալիա Աբգարյանը, «ստե-ընդե չասի հանկարծ»։


«Ստե-ընդե չասի հանկա՞րծ»։ Ինչո՞ւ։ Եթե տիկին Ղումաշյանը իր խոստացած, բայց ուշացած նվերն էր նվիրում տիկին Ռոզալիային, ապա ինչո՞ւ էր ուզում, որ այդ նվերը գաղտնի, ծածուկ մնա, դրա մասին «ստե-ընդե չասվի հանկարծ»։ Արդյոք ա՞յն պատճառով, որ, այո՛, տիկին Ղումաշյանը գիտակցում էր, որ օրենքով արգելված գործողություն է անում, խախտում է բարեգործության արգելքի մասին օրենքի կարգավորումը, հետևապես չի ուզում, որ «կոլխոզում» այդ մասին իմանան։


Ոչ մի քննադատության չի դիմանում տիկին Ղումաշյանի այն դիտարկումը, թե հունիսի 17-ին՝ Ռոզալիա Աբգարյանի տարեդարձի օրը, չի կարողացել նվերը մատուցել, քանի որ այդ օրը եղել է Սամվել Կարապետյանի տան բակում, դրանից հետո էլ՝ 2026-ի փետրվարին, երեխա է ունեցել, նրա խնամքով է զբաղվել ու այդ հանգամանքի բերումով  չի կարողացել ուշացած նվերը փոխանցել, բերել-հասցրել է մինչև նախընտրական շրջան։  Նկատենք՝ տիկին Ղումաշյանը, չնայած քաղաքական ու հասարակական զբաղվածությանը, հունիսից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում մի քանի պատեհ առիթ է ունեցել ուշացած նվերը վաստակավոր մանկավարժին փոխանցելու համար, ասենք՝ դա կարող էր անել  «Գիտելիքի օրը»՝ սեպտեմբերի 1-ին, Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, կամ, վերջիվերջո, Ամանորին, Սուրբ ծննդյան տոնին և նույնիսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին։ Ինչ արած, հարմար չի գտել, չի նվիրել։


«Ուժեղ Հայաստան»-ում, ինչպես երևում է, ուժեղ են երկու հարցում՝ ենթադրյալ հանցանքը կատարել-բռնվելուց հետո ինքզինքը ռետինե խողովակի՝ «շլանգի» տեղ դնելու,  հանրությանն ու քննչական մարմիններին էլ՝ ապուշի տեղ դնելու։


Ի դեպ, ՌԴ-ում դպրոցն ավարտած,  Հայաստանի հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, նույն համալսարանի ասպիրանտուրան  ավարտած Գոհար Ղումաշյանը «Դիվանագիտական արարողակարգ ու էթիկետ» է դասավանդել նույն համալսարանում։  Ուզում ենք հասկանալ՝ մասնավորապես հանրությանն ու իրավապահներին հիմարի, ինչպես ասվում է մեկ այլ գործով գաղտնալսման մեջ՝ «խորը անասունի» տեղ դնելն ու «ֆռացնել» փորձելը էթիկետի, այդ թվում՝ դիվանագիտական, ո՞ր կանոնով է նախատեսվում, ու էդպես էլ գլխի չենք ընկնում։ Բայց խնդրում ենք, էլի, այս մասին հանկարծ ստե-ընդե, հատկապես կոլխոզներում, սովխոզներում չասեք։ 


Հեղինե Մանուկյան