«Հայաստանը ԵՄ-ին միանալու դեպքում կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը». ՌԴ Անվտանգության խորհուրդ

Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը Եվրամիությանը միանալու դեպքում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։


Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը երկրին կարժենա համախառն ներքին արդյունքի մոտավորապես 15.1%-ը։


«Նույնիսկ ամենապահպանողական գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը։ Զբաղվածության 10.5 տոկոսային կետով կրճատումը և ինֆլյացիայի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից։ Ակնկալվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- հայտարարել է Շևցովը։


Նա նաև հավելել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի ներմուծումը կկրճատեն զբոսաշրջիկների հոսքը, ինչը նույնպես հարված կլինի երկրի տնտեսությանը: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմնական վնաս կհասցնի մետալուրգիային, խմիչքի, ծխախոտի և սննդի արտադրությանը՝ մինչև մեկ երրորդի անկմամբ: