Տնտեսությունն է որոշում պետության հզորությունը, բանակի սպառազինվածությունը, հետևաբար նաև խաղաղության հարատևությունը։ Խաղաղությունը կարող է հարատև դառնալ, եթե կա զարգացած, աշխարհի հետ համահունչ քայլող տնտեսություն։ Որովհետև պատերազմներում հաղթում են տնտեսությունները, ոչ թե բանակները։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։
Անդրադառնալով ընդդիմադիր երեք ուժերի՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված բևեռների՝ խաղաղության մասին ուղերձներին, թե՝ կգանք, կբերենք երաշխավորված, ուժեղ խաղաղություն, մեր զրուցակիցը նկատեց. «Ձեր նշած ուժերը խաղաղությունը տեսնում են արտաքին միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը վերաբերում է ՌԴ-Բելառուս միությանը։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելով հասնել նրան, որ ռուս զինվորը գա ու պաշտպանի մեզ, ՌԴ-ն էլ մեզ սպառազինություն տա։ Մոտավորապես էս է համատեքստը։ Մենք տեսել ենք այդ սպառազինությունը՝ «Իսկանդերներ» էին տվել մեզ։ 2000-ականներին մենք տեսանք հրապարակ մտնող «Իսկանդերներ», մենք ծափահարում էինք դրանց ու համարում, որ անպարտելի ենք։ Պարզվեց՝ դրանք 10 տոկոսով են աշխատում։ Հետևաբար ՌԴ-ի հետ անվտանգություն ապահովելը մենք համարում ենք արդեն փորձված և իրեն չարդարացրած տարբերակ։ Եվ դա է հավանաբար պատճառը, որ ՀՀ իշխանությունները սառեցրել են գործունեությունը ՀԱՊԿ-ի հետ, որովհետև այդտեղից ռազմական օգնության որևէ տարբերակ չեն տեսել։ Ի տարբերություն կառավարող ուժի՝ մենք առաջարկում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից»։
Անդրադառնալով
նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ մեր
հարցին՝ «ԹՐԻՓՓ-ը վտանգի տակ է», Արամ
Սարգսյանը նկատեց՝ չի կիսում այդ վատատեսությունը, և հավելեց. «Քոչարյանը ի սկզբանե ԹՐԻՓՓ-ին դեմ է եղել,
ինքը կարծում է, որ այդ խնդիրը պետք է լուծել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ
կետով, և սա այն դեպքում, երբ այդ փաստաթղթի մնացած 8 կետերի չկատարման առումով Ռ. Քոչարյանը ոչինչ չի ասել ո՛չ ՌԴ-ի իշխանությունների գործունեության առումով, ո՛չ
խաղաղարար ուժերի, ո՛չ Լաչինի միջանցքի փակման առումով։ Այսինքն՝ այստեղ զուտ
անձնական շահից բխող մոտեցում է, որ ներկայացնում է Քոչարյանը։ Նա ընդհանրապես
պիտի ամաչեր ճանապարհների մասին խոսելուց, որովհետև ինքն իր պաշտոնավարման վերջին
ամսվա մեջ ՀՀ երկաթուղիները տվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին։ Գերկարևոր
կլիներ, եթե երկաթուղիները մնային ՀՀ-ին, և այսօր արդեն Նախիջևանից մտնող ու դուրս
եկող գնացքները գային ու Ախուրիկի կամրջով անցնեին Թուրքիա»։
Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե
Մանուկյան