Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում․ Փաշինյան

«Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում»: ՔՊ նախընտրական ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող հատվածը ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար ՀԱԵ բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Վերջին տասնամյակներում ՀԱԵ փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է և շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ: 


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԵ բարենորոգման օրակարգը և որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը.


Ա. ՀԱԵ-ի փաստացի պետի հեռացում,


Բ. սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

Գ. ՀԱԵ կանոնադրության ընդունում (կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը),

Դ. սահմանված կարգով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու:

Միևնույն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքի ազատությունը ու վերահաստատում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։

Մեր սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, ախտահարված է»,- նշել է նա: