«Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի աշխատակիցներից մեկի՝ հանրությանը ցնցած բառապաշարը՝ «շուն-շանգյալ», «բոշա», դարձել է ընդդիմադիր շրջանակների քարոզչական խոհանոցի «ֆիրմային» «ուտեստը», որի «խոհարարին» վերջիններս փորձում են կարգել․․․ ՀՀ վարչապետին։ Այդ քարոզչական «աջաբսանդալը», «չախոբիլին», եթե կուզեք՝ «բոզբաշը», սկսեց եփվել այն ժամանակ, երբ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում անդրադարձավ ընտրակաշառքի գործով քրեական հետապնդման ենթարկված քաղաքացու կիրառած վերոհիշյալ բառերին՝ մասնավորապես նշելով. «Կներեք, հազար ներողություն՝ եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող ա «Ուժեղ Հայաստան»-ը՝ «Ուժեղ ՀՀԿ-ն», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»։
Նրա այս համեմատականը, սակայն, ընդդիմադիր հայտնի «կուտոկը»
շտապեց կտրել համատեքստից ու իրեն հատուկ ճղճիմությամբ մեկնաբանել այսպես, թե՝ Նիկոլ
Փաշինյանը, ուշադրություն, ժողովրդին անպատվում է՝ անվանելով շուն-շանգյալ-բոշա։ Ցնցող
է, չէ՞, եթե չասենք՝ ծայրահեղ ցինիկ ու քստմնելի։
ՀՀ վարչապետը, նկատենք, ստիպված եղավ պարզաբանել իր խոսքերի՝
առանց այդ էլ պարզ ու ըմբռնելի համատեքստը՝ ընդգծելով. «Ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը,
գալիս մարդկանց անվանում են «ժեխ», « շուն-շանգյալ», «բոշա» և հետո ասում՝ մենք ընտրություններում
հաղթելու ենք։ Եվ ես մտածում եմ, որ էդ ուժերը երբ ասում են, որ կարող են ընտրություններում
հաջողություն ունենալ, նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին։ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ
ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա», նկատի ունենալով պատերազմի
եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես
մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցությանը
ձայն տալ»։
Այս քարոզչական «աջաբսանդալ»-ի հեղինակները,
նկատենք, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, որոնք այս ողջ ընթացքում «օտ
ի դո» վիրավորել, անպատվել, թիրախավորել, թուքումուր են տվել ժողովրդին։
Հիշո՞ւմ եք, 44-օրյա պատերազմից հետո Երևանի
փողոցներում մոլեգնող՝ «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող ատելության, անհանդուրժողականության
ցուցադրության օրերին ամբիոնում կանգնած մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները,
որոնցից ոմանք նաև քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, Նիկոլ Փաշինյանին գահընկեց
անելու իրենց կոչով հրապարակ չգալու համար ժողովրդին անվանում էին «ժեխ», «բոմժ»,
«զոմբի», «բիոզանգված», «նախիր», «անհայրենիք»,
«թուրք», ընդհուպ կասկածում նրանց արյան հայկական
լինելուն։ Ի դեպ, մի տիկին կար, զբաղեցնում էր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիշո՞ւմ եք, Նաիրա Զոհրաբյան անուն-ազգանունով։
Նա էր «ժեխ» անվանել ՀՓՇ-ին չմիացածներին, ավելին, որոշ ժամանակ անց լրագրողների հետ
ճեպազրույցում արդարացնելով իր կողմից այդ բառի գործածումը շեշտել էր՝ չի հրաժարվելու
հիշյալ անթույլատրելի բառի կիրառումից։
Մի արքեպիսկոպոս էլ կա՝ Միքայել Աջապահյան
անունով, որը 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումից
հետո ֆեյսբուքում «գուժել» էր. «Պլեբոսը հաղթեց Դեմոսին, բնակիչը՝ քաղաքացուն, սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին,
վերջապես Բելը՝ Հայկին...»:
Մի հերոսի դուստր էլ, որն այժմ
երկրորդ նախագահ Քոչարյանի խմբակցությունում
պատգամավոր է աշխատում, հունիսի
20-ին ՔՊ-ին քվեարկած 680 հազար քաղաքացիներին անվանել էր «թուրք ժողովուրդ»։ «Թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի՛ ընկերներ, ինձ սփոփելու
կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն
է»,-մասնավորապես գրել էր սույն աչոնը։
Ակնհայտ է, որ «շուն-շանգյալ», «բոշա» բառերի
գործածումը մանիպուլացնելով ու Նիկոլ Փաշինյանի «ջեբը գցելով», նրանից «ժողովրդին անպատված»-ի
կերպար կերտելով՝ նախկին իշխանության ագիտպրոպը փորձում
է մեկ խնդիր լուծել՝ փորձել հակադրել ժողովրդին Նիկոլ Փաշինյանին, քանի որ ժողովուրդը,
նրա հետ օրգանիկ կապը Նիկոլ Փաշինյանի, որպես
առաջնորդի, մեծագույն առավելությունն ու 8 տարիների աշխատանքի ձեռքբերումն են։ Ժողովուրդը
Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ցավոտ տեղն է, և ընդդիմադիր ագիտպրոպի ողջ ներուժն այս
օրերին ուղղված է այդ ցավոտ տեղը տրորելուն, Փաշինյան-ժողովուրդ կապը խզելուն, այն
աղճատելու ուղղությամբ ջանքեր թափելուն՝ ընտրապայքարից առաջ սասանելով «Նիկոլ, ժողովրդի ընտրյալ»-ի պատվանդանը։
Հ.Գ. Ի դեպ, նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանին «շուն-շանգյալ»-ի համար դատապարտող քաղաքական ուժերից և ոչ մեկը մինչև
այս պահը գեթ մեկ պարզ համառոտ նախադասություն չի արտաբերել շուն-շանգյալի տեղեկատվական առիթի՝ ընտրակաշառքի
թեմայով, բնականաբար չդատապարտելով այդ եղկելի երևույթը։
Հեղինե Մանուկյան