2026 թվականի ապրիլի 19-ին Երևանի «Մարիոտ» հյուրանոցում կայացել է «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած Անվտանգության 1-ին երևանյան համաժողովը, որը կրում է «Պաշտպանելով ինքնիշխանությունը» խորագիրը։
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի քաղաքացիական հասարակության, մեդիա և փորձագիտական համայնքների, բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ։
Միջոցառումը հրավիրվել էր՝ քննարկելու Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ու ինքնիշխանության պաշտպանության ուղիները։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Արեգ Քոչինյանը, որից հետո տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ նվիրված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ժողովրդավարական ընթացքին, հիբրիդային սպառնալիքների պայմաններում պետության, մեդիայի և քաղաքացիական հասարակության անելիքներին։
Օրվա ավարտին նախատեսված էր եզրափակիչ քննարկում՝ «Ինքնիշխանությու՞ն, թե՞ գուբեռնիա» թեմայով, որի ընթացքում բանախոսներն անդրադարձան Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության համար առաջ եկած մարտահրավերներին։
Անվտանգության երևանյան համաժողովը, որն այսուհետ կդառնա ամենամյա միջոցառում, նպատակ ունի ստեղծել բաց հարթակ Հայաստանի անվտանգային օրակարգի, ժողովրդավարության ամրապնդման և ինքնիշխանության պահպանման վերաբերյալ մասնագիտական ու հանրային երկխոսության համար։