Հայտնի երգիչը` դատարանի առաջ․ D4vd-ը ձերբակալվել է դեռահասի սպանության կասկածանքով

Ամերիկացի երգիչ D4vd-ը (իսկական անունը՝ Դեյվիդ Էնթոնի Բերկ) ձերբակալվել է Լոս Անջելեսում՝ 14-ամյա դեռահասի սպանության կասկածանքով։

 

Քննության տվյալներով՝ զոհը՝  Սելեստա Ֆերնանդեսը, անհետացել էր 2024 թվականին։ Նրա աճյունը հայտնաբերվել է 2025 թվականի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում, ավտոմեքենայի ներսում։ Ավելի ուշ պարզվել է, որ մեքենան գրանցված է եղել երգչի հասցեով։

 

Դատաբժշկական փորձաքննությունը հայտնել է, որ մարմինը գտնվել է խիստ քայքայված վիճակում, ինչի պատճառով մահվան հստակ պատճառը դեռևս չի հաստատվել։ Միևնույն ժամանակ, իրավապահները նշում են, որ հայտնաբերված մի շարք նյութական ապացույցներ, այդ թվում՝ անձնական իրեր և դաջվածքի համընկնումներ, կարող են կապ հաստատել երգչի և զոհի միջև։

 

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալությունը իրականացվել է երկարատև հետաքննությունից հետո։ Ներկայումս D4vd-ը գտնվում է կալանքի տակ, իսկ նրա պաշտպանական կողմը հերքում է առաջադրված կասկածները՝ հայտարարելով, որ երգիչը կապ չունի կատարվածի հետ։

 

Գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, և սպասվում են նոր զարգացումներ։ Դատախազությունը մոտ ժամանակներում պետք է որոշի՝ առաջադրե՞լ պաշտոնական մեղադրանք, թե՞ ոչ։

 

Սկանդալի ֆոնին երգիչը դադարեցրել է իր համերգային շրջագայությունները և ժամանակավորապես հեռացել հանրային ակտիվությունից։