«Ժեխ, զոմբի, բոշա»․ «Ուժեղ Հայաստան»՝ վիրավորանքներով ու փող բաժանելով

«Շուն-շանգյալ, բոշա, զոմբի, ժեխ․․․». ահա այսօրինակ էպիտետներով են ընդդիմադիրները շփվում քաղաքացիների, այդ թվում՝ սեփական համակիրների հետ, եթե իհարկե փողով համակրին կարելի է համակիր անվանել։ Չէ՞ որ համակիրը նյութական ու անձնական շահագրգռվածություն չի ունենում։ Եթե նրա համակրանքը շահելու համար պետք է նրան նյութապես շահագրգռել, ապա դա արդեն համակիր չէ։


Մի խոսքով, դատարանի բակում այսօր Նարեկ Կարապետյանին հարցրին՝ հա՞շտ է այն խոսույթի հետ, որ «ուժեղ հայաստանցիները» կիրառում են սեփական համակիրների մասին։ Նկատենք, «Ուժեղ Հայաստանի» առաջին համարը չհերքեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ այդ խոսույթը կիրառողները իրենց թիմից էին։ Չնայած որ մտահոգիչ համարեց այդ խոսույթը, բայց սեփական թիմակիցների նողկալի բառապաշարը փորձեց վերագրել ՔՊ-ականներին։ «Այդ ՔՊ-ական խոսույթը պետք է վերանա»,- ասաց Նարեկ Կարապետյանը։  


6 տարի շարունակ այս մարդիկ ու իրենց համակիրները քաղաքացիներին անվանեցին «ժեխ, զոմբի, թուրքի  եթիմ, անհայրենիք, շուն-շանգյալ, բոշա», ուղիղ հայհոյանքներ հնչեցրին, թիրախավորեցին մարդկանց՝ անուններով, դեմքերով (ախուրյանցի Անո), բայց պարզվում է՝ այդ խոսույթը ՔՊ-ական խոսույթ է։ Իսկ ձայնագրություններով լսվող՝ բաց կապով չխոսելու հորդորները Նարեկ Կարապետյանը որակեց որպես տեղեկատվական հիգիենա։ Հավանաբար այդ նույն հիգիենայի շրջանակներում էլ փակ համաժողով արեցին, այդ նույն հիգիենայի շրջանակներում էլ ռուսաստանցի օլիգարխը ելույթներ է ունենում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։


Իսկ ձայնագրության մեջ երիտասարդներին շալվար առած Ալիկը, պարզվեց, Ալիկ Ալեքսանյանը չէ, բայց իրենց ընկեր, թիմակից Ալիկն է, որը հիմա, ինչպես տեղեկացրեց Ալիկ Ալեքսանյանը, գտնվում է տնային կալանքի մեջ։


«Էս փոքրիկ խմբակի բերած օրերում է, որ նորմալ չի, որ մարդը մարդու հանդեպ կարա օգտակար լինի։ Էդ իրանց համար ա, որ նորմալ չի, որ մարդ կարա ինչ-որ մեկի հանդեպ հոգ տանի, խնդիրները լուծի, որ մարդը լավ ապրի»,- ասում է ՌԴ քաղաքացի Ալիկ Ալեքսանյանը։


Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են «Ուժեղ Հայաստանում» հոգ տանում մարդկանց մասին։


«Ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք՝ սպարտիվկեքով եք։ Փող չունեն, սպարտիվկեքով պիտի գան։ Ուզում եք մաքուր շորերով գան, հանեք փող տվեք։ Խաբա՞ր էիր, որ 20 հազար փող են տվել։ Էսօրվա իրենց հագի շլվարները, որ վաղը պիտի հագնեն, Ալիկն ա առել»։


Ահա այսպես են հոգ տանում այն քաղաքացիների օգտին, որոնց բերել են իրենց հանրահավաքին՝ վրաները գոռգոռալով, նվաստացնելով, նյութապես շահագրգռելով ու հանրահավաքի քարշ տալով։ Ահա այսպես են «Ուժեղ Հայաստանում» պատկերացնում հոգ տանելը։ Ու պարզվում է՝ դժգոհ են, որ «փոքրիկ խմբակը» ընտրությունների ընթացքում բարեգործության արգելք է սահմանել։ Դե, մի տեսակ դժվարանում է ընտրություններ կեղծելը ու, ասենք, 1,5 կգ շաքարավազ բաժանելը ընտրություններից առաջ՝ ինչպես, օրինակ, 2012-ին Կարեն Կարապետյանն էր անում։


Ի դեպ՝ դատարանի բակում այսօր կալուգացի օլիգարխին աջակցելու էին եկել նաև ՀՀԿ-ականներ ու բազմաթիվ «նախկիններ»։ Նրանցից Ալբերտ Բազեյանը, որն, ի դեպ, մեղադրյալ է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածով, հայտարարեց, որ պետք է ազգային իշխանություն ձևավորվի, հարաբերությունները կարգավորվեն արտաքին գործընկերների հետ, որից տարիներ անց, նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ հզորացնելով մեր բանակը, պատերազմի միջոցով ազատագրելու ենք Արցախը։


Բազեյանների չափ խելք Ադրբեջանում, իհարկե, չունեն։ Կողքից նայելու են, թե ինչպես է կալուգացին գալիս, Մոսկվայի միջոցով բանակը հզորացնում ու հարձակվում Ադրբեջանի վրա՝ Արցախն ազատագրում։ Նաև հարց է՝ իսկ Մոսկվայում գիտե՞ն իրենց միսիայի մասին։ Իսկ հետո այս պատերազմի քառագլուխ ուժերը կպնդեն, որ իրենք էլ են խաղաղություն ուզում, իրենք որ եկան՝ իրական խաղաղություն են բերելու։ Փառահեղ կոնցեպտ է, ինչ խոսք։


Ի դեպ՝ Սամվել Կարապետյանը ոչ միայն հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, թե սահմանափակումների տակ է, այլև նրա պաշտպանները հերթական անգամ միջնորդեցին դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։

 

Վոլոդյա Հակոբյան