Էլի մեկ պարզաբանում․ ԶԼՄ-ն խեղաթյուրել է իրականությունը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով․
««Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է»․ այս վերնագրով հոդված է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Նույնիսկ միայն վերնագիրը կարդալիս ընթերցողը կընկալի, թե «ոստիկանների բռնարարքներից» պարբերաբար մարդիկ են զոհվում, և մի քաղաքացի էլ՝ հերթական զոհն է։
Իսկ իրականում՝ առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդմամբ՝ մի կին մահացել է բժշկական միջամտությունից հետո, և նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Այս մասին արդեն հրապարակում է արել Քննչական կոմիտեի գործընկերս՝ https://www.facebook.com/share/p/1AjuP7wWW1/?mibextid=wwXIfr
Այսինքն, չկա հաստատված որևէ փաստ իրավապահների կողմից «բռնարարք» կատարելու վերաբերյալ։
Չնայած մեր պատրաստակամությանը՝ պատասխանել բոլոր հարցերին և տալ պաշտոնական, ճշտված տեղեկություն՝ տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն, կրկին ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել ողբերգական դեպք։
Եվս մեկ անգամ հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունը»։
Ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդայանը ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացրել էր, որ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն: