Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին այս օրվա առիթով, նշել, որ Արշիլ Գորկին համաշխարհային կերպարվեստի և հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեմքերից մեկն է.
«Այսօրվա մեր միջոցառումը և Կառավարության որոշումն ունի մի քանի նշանակություն և բոլոր այդ նշանակությունները, իհարկե, կապված են հետևյալի հետ. մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի: Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել՝ երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն, ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ-որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը և այլն: Մենք ասում ենք, որ հայկական իրականության և կյանքի կենտրոնը բոլոր առումներով՝ մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է: Եվ այս իրադրությունը, որը կա և պետք է զարգանա, պետք է հարատև լինի և ոչ թե ժամանակավոր»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Երկրի ղեկավարի խոսքով, սա առանձին վերցված միջոցառում չէ, քանի որ վերջերս պատմության թանգարանում տեղի ունեցավ նմանատիպ կարևոր իրադարձություն, Մատենադարանում արդեն երկու անգամ նշվել է այսպիսի իրադարձություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքականություն է, որը Կառավարությունը որդեգրել է և բոլոր հնարավորություններն օգտագործվելու են արվեստի, մշակույթի հայկական ծագման ժառանգությունը Հայաստանի Հանրապետություն բերելու և այն այդ արժեքների համար հարատև հանգրվան դարձնելու համար:
Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, քանի որ Արշիլ Գորկու կտավը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել հարկ վճարող հազարավոր քաղաքացիների շնորհիվ:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր նախաձեռնել և ընթացք են տվել այս գործընթացին և հասցրել տրամաբանական ավարտին:
2025 թվականին պետական միջոցներով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամը իրականացրել է դիտանցումներ միջազգային աճուրդային տների և մասնավոր պատկերասրահների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։
Դիտանցումների արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տանը ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ)։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։
2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում տվյալ աշխատանքը Կառավարությունը ձեռք է բերել 30,978,000 (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով և այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում։