ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող էին հաշված րոպեների ընթացքում կաթվածահար անել Իրանի տնտեսությունը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը «ընտրել է ողորմածությունը»։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հեգսեթի խոսքով՝ Թրամփը հնարավորություն ուներ ավելի կոշտ հարված հասցնելու, բայց հրաժարվել է այդ սցենարից։
«Նախագահ Թրամփը կարող էր հաշված րոպեների ընթացքում կաթվածահար անել Իրանի ողջ տնտեսությունը, բայց նա ընտրեց ողորմածությունը», — նշել է նա։
Նա նաև հավելել է, որ Իրանը համաձայնել է հրադադարին «հսկայական ճնշման տակ», քանի որ նրա մոտ «տարբերակներ և ժամանակ չէր մնացել»։ Բացի այդ, Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների շնորհիվ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել։
«Մյուս նախագահները դա ասում էին։ Նախագահ Թրամփը դա արեց», — հայտարարել է Հեգսեթը՝ կրկնելով Թրամփի դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ուրանի հարստացում չի լինելու։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն միշտ հավատարիմ է եղել սկզբունքային դիրքորոշմանը Իրանի միջուկային ծրագրի հարցում։
«Իրանը չպետք է տիրապետի միջուկային հնարավորությունների։ Այժմ այդ [միջուկային] օբյեկտները թաքցված են, և մենք հետևում ենք դրանց։ Մենք հստակ գիտենք, թե նրանք ինչ ունեն, և նրանք դա հասկանում են։ Իրանը կա՛մ կամավոր մեզ կհանձնի հարստացված ուրանը, կա՛մ մենք ինքներս այն կստանանք, կվերցնենք և դուրս կբերենք», — ասել է Հեգսեթը։
Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում կապահովվի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումների հաշվառմամբ։