Մերձավոր Արևելքում սկսվել է «ոսկե դար». Թրամփ

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները և վստահեցրել է, որ հրադադարը երկկողմ կլինի: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան): Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված էր ընդունել Թեհրանի 10-կետանոց առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ:


Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում սկսվել է «ոսկե դար»։


Նա Իրանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը անվանել է մեծագույն օր և հավելել, որ Վաշինգտոնը կօգնի լուծել Հորմուզի նեղուցում տրանսպորտային կոլապսը։ Իրանը, սակայն, ավելի վաղ հայտարարել է, որ կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը նաև ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում։


«Մեզ սպասվում են բազմաթիվ դրական գործողություններ։ Կստեղծվի հսկայական հարստություն։ Իրանը կկարողանա սկսել իր վերականգնումը։ Մենք կսկսենք կուտակել բոլոր տեսակի պաշարներ և պարզապես կլինենք մերձակայքում՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է»,- գրել է ԱՄՆ նախագահը։