Tesla-ն 2026 թվականի առաջին եռամսյակում կրկին դարձել է էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքի առաջատար՝ առաջին անգամ 2024 թվականի վերջից հետո։ Ընկերությունը մատակարարել է շուրջ 358 հազար ավտոմեքենա, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6.5% աճ։
Միևնույն ժամանակ BYD-ն արձանագրել է զգալի անկում՝ մատակարարելով մոտ 310 հազար մեքենա, ինչը շուրջ 25.5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է ինչպես Tesla-ի համեմատաբար կայուն աճով, այնպես էլ BYD-ի վաճառքների կտրուկ նվազումով։
Ըստ South China Morning Post-ի՝ BYD-ի դժվարությունները հիմնականում կապված են ներքին շուկայի՝ Չինաստանի հետ, որտեղ կրճատվել են պետական սուբսիդիաները և ներդրվել է մոտ 5% հարկ էլեկտրամոբիլների գնման համար։ Մինչ այդ նման մեքենաները ազատված էին հարկից, ինչն էապես խթանում էր պահանջարկը։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս գործոնները բացասաբար են ազդել վաճառքների վրա՝ հատկապես տեղական շուկայում։
Իսկ Tesla-ն կարողացել է պահպանել իր դիրքերը գլոբալ շուկայում՝ հենվելով լայն միջազգային հաճախորդների բազայի վրա։ Ավելի վաղ Nikkei-ն գրել էր, որ 2020–2025 թվականներին BYD-ն գերազանցել էր Tesla-ին վաճառքներով աշխարհի մի շարք երկրներում, սակայն արդեն 2025 թվականին Չինաստանում ընկերության վաճառքները նվազել էին շուրջ 10%-ով, ինչը նախանշել էր ներկայիս միտումը։