Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին, «շատ հիասթափեցնող» էր, և ռազմական գործողության ավարտից հետո Վաշինգտոնը կվերանայի իր հարաբերությունները դաշինքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հեռուստաալիքի
թղթակցի հարցին՝ Ռուբիոն համարո՞ւմ է արդյոք, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները դավաճանել
են Միացյալ Նահանգներին «այդ վճռորոշ պահին», ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է. «Կարծում
եմ՝ դա շատ հիասթափեցնող էր։ Եվ, կրկնում եմ, նախագահը և մեր երկիրը պետք է վերանայեն
այս ամենը գործողության ավարտից հետո։ Պատճառներից մեկը, որ ՆԱՏՕ-ն շահավետ է Միացյալ
Նահանգներին, բազաներին հասանելիությունն է տարբեր սցենարների դեպքում»։
Նա
հիշեցրել է, որ «անհրաժեշտ պահին», երբ ԱՄՆ-ն որոշել է, որ գոյություն ունի լուրջ սպառնալիք
երկրի ազգային անվտանգությանը և շահերին, Վաշինգտոնը բախվել է այն բանին, որ ՆԱՏՕ-ի
անդամները, մասնավորապես Իսպանիան, հրաժարվել են թույլ տալ օգտագործել իրենց
բազաները: «Կան նաև այլ երկրներ, որոնք նույն կերպ են վարվել»,- ավելացրել է
Ռուբիոն: Եվ այդ ժամանակ, նրա խոսքով, հարց է ծագում՝ «ո՞րն է այստեղ ԱՄՆ
շահագրգռվածությունը»:
«Ես
միշտ աջակցել եմ ՆԱՏՕ-ին, և այդ աջակցության պատճառներից մեկն այն է, որ բազաներին
հասանելիությունը մեզ ազդեցության լծակներ և ճկունություն է տալիս ռազմական
գործողություններում ամբողջ աշխարհում: Բայց եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ
մենք պաշտպանենք Եվրոպան հարձակման դեպքում, իսկ մեզ մերժեն բազաների
հասանելիության հարցում, երբ դրանք մեզ պետք են, դա այնքան էլ լավ համաձայնագիր
չէ: Այդ ձևաչափով դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա շահավետ է Միացյալ
Նահանգներին: Ուստի այս ամենը պետք է վերանայվի: Այս ամենը պետք է վերանայվի»,- ասել
է նա: