ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզարշավին՝ կանխատեսելով նրանց պարտությունը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։
Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ ընդդիմության գործողությունները զուրկ են քաղաքական բովանդակությունից և իրականացվում են օտարերկրյա տեխնոլոգների կողմից նախապես գրված «սցենարով»։
«Ձեր օտարերկրյա քախտեխնոլոգները մինչև հունիսի 7-ը գրել են, թե ամեն օր որ ժամին ինչ պետք է անեք, որ ժամին ստատուս գրեք, որ ժամին զբերը բացած ծիծաղեք, օրը քանի անգամ կրկնեք, թե ուժեղ եք, որ օրը Մոշե Դայանի տխուր կրկնօրինակով ձեր պաշտպանության նախարարի թեկնածուին ներկայացնեք, երբ երեխուն առաջ բերեք, որ գրկախառնվի»,- գրել է Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը նկատել է, որ տեքստերը գրվում են հայերենով, սակայն ակնհայտորեն կրում են օտար լեզվի ազդեցությունը։
«Էլ չեմ ասում, որ ամեն ինչ գրում եք հայերեն, բայց ռուսերեն շարադասությամբ՝ մատնելով ձեր ուղղորդման աշխարհագրական կենտրոնը»,- նշել է նա։