Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը միջազգային շուկայում սկսեց նվազել

Նավթի համաշխարհային շուկայում այսօր գրանցվել է գների զգալի անկում՝ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունից հետո։


Շուկայական տվյալների համաձայն՝ ամերիկյան թեթև նավթի՝ WTI ֆյուչերսները նվազել են մոտ 8%-ով՝ հասնելով 90,10 դոլարի մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ Brent տեսակի նավթը նույնպես էժանացել է շուրջ 8%-ով՝ վաճառվելով 103,91 դոլարով։


Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ նշել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի են ունեցել «արդյունավետ և դրական» բանակցություններ, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում լարվածության կարգավորմանը։


ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հրահանգել է ժամանակավորապես՝ հինգ օրով, դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հնարավոր ռազմական հարվածները։

Հայտարարությունը հաջորդել է ավելի վաղ հնչեցված վերջնագրին, որով Վաշինգտոնը Իրանին 48 ժամ ժամանակ էր տվել Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Սակայն դեռևս պարզ չէ, թե երբ նավթային փոխադրումների համար կարևոր այս ուղին ամբողջությամբ կվերադառնա բնականոն աշխատանքի։