Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:


Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:


Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին:


Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:


Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»։


Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.


«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:


Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն և բարօրություն բերի բարեկամ Իրանին:


Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ մեր հարևան Իրանի ժողովրդին՝ արևշատություն»։