ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ բողոքում են նավթի բարձր գներից, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցի խնդիրը լուծելու համար:
Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Truth Social սոցիալական ցանցում:
Ըստ նրա՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է և պատրաստակամություն չի ցուցաբերել գործելու Իրանի կողմից բխող սպառնալիքը կանխելու համար:
«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է: Նրանք չէին ցանկանում մտնել պայքարի մեջ՝ կանգնեցնելու միջուկային Իրանին: Հիմա, երբ այդ պայքարը հաղթահարված է ռազմական տեսանկյունից՝ նրանց համար նվազագույն ռիսկերով, նրանք բողոքում են նավթի բարձր գներից, բայց միևնույն ժամանակ չեն ցանկանում օգնել բացել Հորմուզի նեղուցը», — գրել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ, իր կարծիքով, նեղուցի բացումը «պարզ ռազմական մանևր է», որը կարող էր կայունացնել էներգակիրների գները:
«Դա այնքան հեշտ է նրանց համար անել՝ այդքան փոքր ռիսկով», — հավելել է նա՝ դաշնակիցների գործողությունները որակելով որպես «վախկոտության դրսևորում»: