Պուտինին կարող են թույլ տալ զորքեր մտցնել այլ երկրներ՝ «ռուսներին պաշտպանելու» համար

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա զորքեր մտցնել այլ երկրներ՝ «այդտեղ դատարանի որոշմամբ կալանավորված կամ հետապնդվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար»։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի՝ մարտի 19-ին, խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում։


Օրինագծի հեղինակների խոսքով՝ դա անհրաժեշտ է «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու նպատակով՝  նրանց կալանքի (պահման), քրեական կամ այլ հետապնդման դեպքում»՝ հիմնված օտարերկրյա և միջազգային դատարանների որոշումների վրա, որոնք օժտված են լիազորություններով առանց Ռուսաստանի մասնակցության կամ իրավասություններով, որոնք հիմնված չեն Ռուսաստանի հետ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի վրա։


Փաստաթուղթը նախատեսում է, որ արտերկրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար երկրի նախագահի որոշմամբ հնարավոր է զինված ուժերի արտատարածքային օգտագործում: РБК-ի աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի կառավարության օրինագծերի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին: