Ես ոչ մի տեղ զորք չեմ ուղարկում, իսկ եթե ուղարկեի էլ՝ չէի ասի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զորքեր չի ուղարկում Մերձավոր Արևելքի տարածաշրջան և մտադիր չէ բացահայտել նմանատիպ ծրագրերը։ Ինչպես հայտնում է CivicAM-ը՝ հղում անելով Sky News-ին, այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ հանդիպման ժամանակ։


Նա նշել է, որ հավատում է, որ Ճապոնիան ակտիվորեն կմասնակցի պատերազմին՝ հավելելով. «Ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։ Թրամփը ռազմական գործողությունները բնութագրել է որպես «էքսկուրսիա»՝ հավելելով, որ ամեն ինչ շուտով կավարտվի։


«Ես ոչ մի տեղ (ցամաքային - խմբ.) զորք չեմ ուղարկում, իսկ եթե ուղարկեի էլ՝ ձեզ չէի ասի», — հավելել է նա։


ԱՄՆ նախագահին նաև հարցրել են, թե ինչու Վաշինգտոնը չի նախազգուշացրել դաշնակիցներին Իրանի դեմ ռազմական գործողության մասին։ 


«Ես ուզում էի նրանց անակնկալ մատուցել։ Ո՞վ է Ճապոնիայից լավ հասկանում անակնկալներից։ Ինչո՞ւ դուք ինձ չպատմեցիք Փերլ Հարբորի մասին», — պատասխանել է նա։