Ընդգծվել է Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը

Մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ Ալ-Մավալիի հետ։


Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ:


Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր՝ երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը:


Տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ՀՀ տեսլականի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ:


Արարատ Միրզոյանը և Սաիդ բին Համուդ Ալ-Մավալին մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարական կրթության, արհեստական բանականության որոտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ: