ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլատվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։


 

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին՝ դիտարկելով իտալական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։


 

Դեսպանն ընդգծել է, որ ուղիղ ավիակապը Հայաստանի և Իտալիայի միջև խթանում է տարեցտարի աճող զբոսաշրջիկների հոսքը, ինչն էլ, իր հերթին, հետաքրքրություն է առաջացնում իտալական ընկերությունների շրջանում՝ ներգրավված լինելու Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։


 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ոլորտային հարցերի շուրջ։