Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոնների փոփոխությունները:
Գույքին պատճառված վնասների համար գործող 1,800,000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 2,500,000 ՀՀ դրամ, իսկ անձնական վնասների դեպքում սահմանաչափը 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի: Միաժամանակ, մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով սահմանաչափերը բարձրացվել են համամասնորեն՝ սահմանվելով համապատասխանաբար 25,000,000 և 35,000,000 ՀՀ դրամ:
Ըստ Բյուրոյի հաղորդագրության՝ այս փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նախկին սահմանաչափերն այլևս չէին համապատասխանում առկա իրողություններին և հաճախ չէին ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը: Նոր սահմանաչափերը հնարավորություն կտան առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը և ապահովել պատշաճ հատուցում: Կանոնների ամբողջական տարբերակը հասանելի կլինի Բյուրոյի պաշտոնական կայքում ապրիլի 1-ից սկսած: