Նախընտրական թոհուբոհը ստիպում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախադեպ դուրս գալ փառդի հետևից ու հանրությանը ցնցել իր մտքի գոհարներով, սուտակներով, շափյուղաներով, մեկումեջ էլ՝ «սատանի եղունգներով»։ Քարը նկատի ունենք, որով հին աշխարհում կտրող-ծակող գործիքներ էին սարքում։ Հատկապես, որ սոցիոլոգիական վերջին հարցման տվյալներն աղաղակում են իր՝ «մինչև քոք մաշված լինելու» ու «քաղաքական ցնցոտու», եթե կուզեք՝ «քուրձի» վերածվելու մասին։ Հիշեցնենք, որ հեղինակավոր հետազոտական կենտրոնի՝ «Միջազգային հանրապետական ինստիուտի»՝ օրերս հրապարակած հարցման տվյալներով Ռոբերտ Քոչարյանի հանրային վստահելիության ցուցիչը երեք տոկոս է։ Ընդամենը երեք։ Երկրորդ նախագահը երրորդ տեղում է՝ Նիկոլ Փաշինյանից ու ռուսաստանցի միլիարդատիրոջից հետո, և երրորդ հորիզոնականը կիսում է իր նախագահության օրոք ստեղծված քաղաքական պրոյեկտի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Նկատենք, որ 3-տոկոսանոց ռեյտինգ ունեցող մարդու խմբակցությունը խորհրդարանում շուրջ 5 տարի մեծությամբ առաջին ընդդիմադիր ֆրակցիայի կարգավիճակով օպոզիցիա էր աշխատում, Նիկոլ Փաշինյանի քոքն էլ փորձում էր մաշացնել երկու ֆրոնտով՝ խորհրդարանում ու փողոցում։ Բայց 2022-ի Դիմադրության շարժման խայտառակ պարտությունից հետո Քոչարյանը ստիպված էր բրախել փողոցն ու փողոցային պայքարն ու բախվել «Հայաստան» անունով փլուզված դաշինքի փաստին․ սույն դաշինքի անդամ կուսակցություններից մեկը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, որոշեց կիսատ թողնել քոքամաշման իր առաքելությունն ու լքել Քոչարյանին՝ վայր դնելով իր «փայ» մանդատները։
Եվ
ուրեմն, հանրային վստահության տոկոսային արտահայտմամբ «քաղաքական քուրձի» վերածված երկրորդ նախագահը նախօրեին խոստովանեց, թե փողոցային պայքար նախաձեռնելով
ու այլ պայքարների մասնակցելով, ուշադրություն, «մաշացրել են» այս իշխանությանը. «Մենք
դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար, միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով նաև
ինքներս մեզ։ Բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար»։
Յա,
իրո՞ք, փաստորեն, այսքան տարի Քոչարյանն ու իր պատգամավորները քաղաքական միսիոներությամբ
են զբաղված եղել, համարյա «Մայր Թերեզայի» պես, առանց վարձք ակնկալելու, արել, դրել, դաշտը մաքրել-հազրել են ոչ թե իրենց համար՝ գալիք ընտրություններին խորհրդարանում ավելի մեծ
ներկայացվածություն ունենալու ու հրես «վլաստը վերցնելու» համար, այլ․․․
ռուսաստանցի
«քաղաքական գաստրոլյորի» համար՝ հայտնի որպես Սամվել Կարապետյան։ Փաստորեն, երբ
2022-ին 135-ամյա ՀՅԴ-ն՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փողոցներում «զարթնիր լաո»
էր ճչում, «Արցախի փրկության» կոչեր էր անում, իրականում հեչ էլ փրկելու միտք չուներ,
ուղղակի քաղաքական ագրոնոմիայով էր զբաղվում՝ դաշտն էր մաքրում, փխրեցնում, որ 2025-ին Կարապետյանն իր «ձևով գա» ու այդ դաշտում
ծիլ տա, թփրոշանա՝ ստվեր գցի իր համար «վիզ դրած»
ագրոնոմի համար։ Նույն մտայնությամբ էլ, փաստորեն, Քոչարյանի թիմը՝ որդի Լևոնից
մինչև Գառնիկ Դանիելյան ու քրեական հետապնդման ենթարկվող Արթուր Սարգսյան, 2024-ի
«սրբազան շարժման» մեջ էր թաթախվել, Նիկոլ Փաշինյանին հեռանալու ժամկետ էր տալիս ոչ
թե սեփական քաղաքական ամբիցիաներն իրացնելու
համար, այլ, փաստորեն, զբաղված էր խալխի համար «թախտի վրա» տեղ բացելով։ Խեղճ Գառնիկ
Դանիելյան, հիշո՞ւմ եք, ոնց էր մաշվել փողոցներում օրեր շարունակ ակցիաներ անելով՝
սրբազան հոր թևի տակից դուրս չգալով։
Ինչևէ,
Քոչարյանի այս բլեֆը, համաձայնեք, արժանի է
հատկապես Գագիկ Ծառուկյանի քահ-քահ ծիծաղին։
Իրականում,
սակայն, նախկին նախագահը սեփական՝ «երեքտոկոսանոց» ռեյտինգի հարուցած «մանթրաշը» ցրելու համար է նշում,
թե մաշվելով՝ մաշեցրել ու դաշտ է բացել այլ քաղաքական ուժերի համար։ «Կալիգուլայի» հետ նույնացվող նախկին նախագահը, մինչդեռ,
ուղղակի զբաղված է էժանագին սակարկությամբ՝ իր բնական, տրամաբանական մաշվածությունը
փորձելով թանկով ծախել 6-տոկոսանոց ռեյտինգ ունեցող Կալուգայի Սամոյին։
Նա
այդ մասին բաց տեքստով հայտարարում է փոդքաստի
ժամանակ, թե՝ «բոլորը գալիս են տարբեր ծրագրերով, ես ծանոթանում եմ այդ ծրագրերին,
ծրագրերը լավն են, լավ խոստումներ կան, սիրուն ձևակերպված։ Եվ հիմնական հարցը՝ իսկ
ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է,
քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարելու ընդունակ է, թե՞ լրիվ նոր մարդիկ, որոնք
այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ և դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական
պայքարի մեջ չեն դրսևորվել։ Հիմա մենք պետք է մեզ դիրքավորենք մի քաղաքական ուժի, և
ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում
բավական լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսիջը
պետք է լինի մեր ընտրողներին»։
Ընտրողներին
ուղղված մեսիջ չտեսանք, բայց այ, վարչապետի պաշտոնին հավակնող Սամվել Կարապետյանի թիմին
ուղղված առաջարկ՝ այո։ Քոչարյանի նախկին թիմակից, նախկին հայաստանական Արամ Վարդևանյանը,
որը հանգրվանել է «Ուժեղ Հայաստան»-ում, ենթադրում
ենք, ուժեղներին տեղը-տեղին կբացատրի Քոչարյանի մեսիջը։ Այն է՝ Սամվել Կարապետյան,
ճիշտ ա, էն, ինչը որ «քո ձևով» ասում ու անում ես, սիրուն ա, լավ ա, բայց թիմդ դեղնակտուց
ա։ Արդ, մտիկ արա բազմափորձիս կատարի կարմրությանն
ու երկարությանը։ Համ էլ ես ՀՀ քաղաքացիության հետ կապված պրոբլեմ չունեմ (ԺԷԿ-ի թղթի
վախտերն անցյալում են) ու կարող եմ վարչապետ դառնալ՝ դրանից բխող հետևանքներով՝ «ստոպ»
Իրանի պատերազմին, դբա «Միութենական պետություն», Կատար, Դուբայ, Քուվեյթ, I Like To Move It Move It I Like To Move It Move It…
Հեղինե Մանուկյան