ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանում ամբողջ հասարակության անվտանգության մոդելի ձևավորում» թեմայով համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և փորձագետներ։
Միջոցառման շրջանակում քննարկվել է Հայաստանում պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և այլ դերակատարների հետ համագործակցված համապարփակ անվտանգության մոդելի ձևավորմանն առնչվող հարցեր։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա նշված գաղափարները վերածել գործնական քայլերի։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում համապարփակ անվտանգության ձևավորման առանցքային խնդիրը պետական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու դրանց կայուն ամրապնդումն է, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան–ԵՄ օրակարգի երկարաժամկետ համագործակցության համատեքստում։