Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը՝ առավոտյան, մտել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-15 րոպե անհասցե հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, այնուհետև մտել դպրոցի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Հասմիկ Մ․-ի աշխատասենյակ, իր մոտ գտնվող պայուսակից հանել խոհանոցային դանակը և սպառնացել, որ այդ դանակով կսպանի նրան։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 3-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Նունե Մ․-ն մտել է վերոնշյալ դպրոց, որտեղ դպրոցի կոլեկտիվի և աշակերտների ներկայությամբ անհասցե շուրջ 10-15 րոպե հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, փնտրել տնօրենին, մտել նրա աշխատասենյակ, պայուսակից հանել խոհանոցային դանակ, պահել տնօրենի ուղղությամբ, մոտենալով նրան՝ հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ ասելով՝ կմորթեմ, կսպանեմ, իսկ տնօրեն Հասմիկ Մ․-ն, այդ սպառնալիքներն իրական համարելով, փախել է աշխատասենյակից։
Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո դպրոցի աշխատակիցների հորդորով Նունե Մ․-ն դպրոցից դուրս է եկել և նկատելով բակում կայանված Հասմիկ Մ․-ի կողմից շահագործվող BMW մակնիշի ավտոմեքենան՝ իր մոտ եղած նույն դանակով ավտոմեքենան քերծել է՝ պատճառելով գույքային վնաս։
Նունե Մ․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիքը։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։