Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ է տվել օգտագործել Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաները

Ֆրանսիան ժամանակավորապես թույլատրել է ԱՄՆ ռազմական օդանավերին օգտագործել Մերձավոր Արևելքում տեղակայված իր ռազմաբազաները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբին։


Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում ամերիկյան ռազմական օդանավերի ներկայությունը թույլատրվել է տարածաշրջանում գտնվող ֆրանսիական բազաներում։ Նա նշել է, որ միջոցառումը կրում է ժամանակավոր բնույթ։


Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան օդանավերը ներգրավված են տարածաշրջանում Ֆրանսիայի գործընկերների պաշտպանությանն աջակցելու գործողություններում։ Սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ որ ռազմաբազաների մասին է խոսքը։


Ավելի վաղ Իսպանիան հրաժարվել էր ԱՄՆ-ին թույլ տալ օգտագործել իր տարածքում գտնվող ռազմաբազաները Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Այդ որոշմանը արձագանքելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։