ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ներգրավվել տարիներ շարունակվող հակամարտության մեջ։
Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելն է։
«Նախագահը չի ցանկանում միայն պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիների ընթացքում. նա ցանկանում է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, և դա պահանջում է հիմնարար փոփոխություն իրանական ռեժիմի մտածողության մեջ», — ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ խոսքը երկարատև ռազմական պատերազմի մասին չէ։
«Դոնալդ Թրամփը բացարձակապես թույլ չի տա, որ երկիրը ներգրավվի երկարատև հակամարտության մեջ… մենք չենք պատրաստվում ներքաշվել այն խնդիրների մեջ, որոնք մենք ունեցանք Իրաքի և Աֆղանստանի հետ», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։