Երևանի քաղաքապետարանը, տարածաշրջանում լարված իրավիճակով պայմանավորված, որոշել է Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախմբին Հայաստան վերադարձնել նախատեսված ժամկետից էականորեն շուտ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութով հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,-ասաց Ավինյանը:
Քաղաքապետը զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, վստահեցնում է՝ երեխաները լավ են: Նա հորդորեց ծնողներին չանհանգստանալ: Քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով: Նա հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը ծնողների հետ ինտենսիվ կապի մեջ է լինելու: