ՆԱՏՕ-ն պաշտոնապես թույլատրել է iPhone-ի և iPad-ի կիրառումը գաղտնի տեղեկատվության հետ աշխատելիս

Apple ընկերությունը հայտնել է, որ iPhone-ն ու iPad-ը կարելի է օգտագործել ՆԱՏՕ-ի սահմանափակ հասանելիության գաղտնի տեղեկատվության հետ աշխատելիս, բայց տեղեկատվական անվտանգության պահանջների կատարումից հետո: Դրա համար չի պահանջվում որևէ հատուկ ծրագրային ապահովում կամ կարգավորումներ:


Apple-ի սարքավորումները առաջին և միակ սպառողական շարժական արտադրանքն են, որոնք ստացել են պետական սերտիֆիկացման նման մակարդակ՝ Գերմանիայի կառավարության կողմից անցկացված թեստավորման և անվտանգության գնահատման արդյունքում: iOS 26 և iPadOS 26օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներն ու iPad-ները այժմ սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում գաղտնի տվյալների հետ օգտագործման համար:



Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու թույլտվություն ստանալու մասին հայտարարության մեջ Apple-ը հատուկ ընդգծել է իր անվտանգության ֆունկցիաները.



«Apple ընկերությունն ի սկզբանե անվտանգության մեխանիզմներ է ներդնում իր բոլոր արտադրանքներում՝ ապահովելով պաշտպանության ամենաբարդ միջոցները բոլոր մակարդակներում՝ թե՛ սարքավորումային (hardware), թե՛ ծրագրային, ինչպես նաև Apple Silicon պրոցեսորներում: Այս եզակի մոտեցումը թույլ է տալիս օգտվել ոլորտի լավագույն պաշտպանական միջոցներից, ինչպիսիք են ծածկագրումը, Face ID կենսաչափական նույնականացումը և նորարարական ֆունկցիաները, օրինակ՝ հիշողության ամբողջականության վերահսկումը (Memory Integrity Enforcement)»:



Այս նույն պաշտպանական միջոցներն այժմ ճանաչվել են որպես պետական և միջազգային անվտանգության խիստ պահանջներին համապատասխանող՝ նույնիսկ սահմանափակ հասանելիության տվյալների համար:



Apple-ի անվտանգության հարցերով փոխնախագահ Իվան Կրստիչը հայտարարել է, որ այս ձեռքբերումը արտացոլում է Apple-ի հավատարմությունը անվտանգության ապահովման հարցում: