Ամերիկացի Ռոբերտ Լյուիսի՝ Enola Gay ռմբակոծիչի օդաչուներից մեկի օրագիրը, ով ատոմային ռումբ է նետել ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա, Կալիֆոռնիայում վաճառքի է հանվել 950 հազար դոլարով։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Օրագրի կազմին գրված է. «Ռոբերտ Ա. Լյուիսի սեփականությունը… Հիրոսիմայի ռմբակոծությունը 1945 թվականի օգոստոսի 6-ին»։ Օրագրում, մասնավորապես, առկա է պատմական դարձած հետևյալ գրառումը, որն արվել է առաջին ատոմային ռումբի նետումից անմիջապես հետո. «Աստված իմ, մենք ի՞նչ արեցինք» (My God, what have we done?)։
Ըստ պարբերականի՝ օրագիրը վաճառում է հնաոճ իրերի մասնագետ Դեն Ուիթմորը՝ «մի հարուստ սեփականատիրոջ հանձնարարությամբ»։ Սա արդեն հինգերորդ դեպքն է, երբ այս լոտը հայտնվում է շուկայում.
1971թ. առաջին անգամ վաճառվել է աճուրդում 37 հազար դոլարով: Ռոբերտ Լյուիսը (մահացել է 1983թ.) ներկա է եղել այդ աճուրդին և նշել, որ «չգիտեր, թե էլ ինչ կարելի է անել այդ օրագրի հետ»։
«Սա թերևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կարևորագույն փաստաթղթերից մեկն է։ Շատ առումներով սա շրջադարձային կետ էր 20-րդ դարի ողջ աշխարհի համար», — նշել է Ուիթմորը։
Հիշեցնենք, որ 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հիրոսիմայի վրա նետեցին «Փոքրիկ» (Little Boy) ուրանային ռումբը։ Երեք օր անց Նագասակիի վրա նետվեց «Հաստլիկ» (Fat Man) պլուտոնիումային ռումբը։
Քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։ Պայթյունի պահին զոհվեց 70-80 հազար մարդ, իսկ մինչև 1945 թվականի վերջը զոհերի թիվը հասավ 90-166 հազարի՝ ներառյալ ճառագայթային հիվանդությունից մահացածները։