Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել են տեղային զինադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) վերանորոգման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ/IAEA) պաշտոնական X (նախկինում՝ Twitter) էջից։
«ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ ուժի մեջ է մտել ևս մեկ տեղային հրադադար, որը թույլ կտա վերականգնել Զապորոժիեի ատոմակայանի 330 կՎ հզորությամբ պահուստային էլեկտրամատակարարումը», — հայտնել են կազմակերպությունից։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավելել է, որ վերանորոգման աշխատանքների իրականացման տարածքում շարունակվում են ականազերծման գործողությունները։ Սա անհրաժեշտ է վերանորոգող բրիգադների անվտանգ մուտքն ու աշխատանքը ապահովելու համար։
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև արդեն մի քանի անգամ հայտարարվել են նմանատիպ տեղային հրադադարներ, որոնց ընթացքում մասնագետները վերականգնել են վնասված էլեկտրահաղորդման գծերը՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։