ԱՄՆ-ը Իրանին հարվածելու դեպքում հազիվ թե ներքաշվի Մերձավոր Արևելքում երկարատև ռազմական հակամարտության մեջ։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Washington Post-ին տված հարցազրույցում։
«Այն միտքը, որ մենք երկար տարիներ կներքաշվենք Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, և դրա վերջը չի երևա, դրա ամենաաննշան իսկ հնարավորությունը չկա»,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը հիշեցրել է անցյալ տարվա հունիսին Իսրայելի
և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածի մասին, ինչպես նաև հունվարի
սկզբին Վենեսուելայում տեղի ունեցած գործողության անցկացման մասին: Նրա խոսքով՝ երկու արշավներն էլ «շատ հստակ սահմանված» էին։
Նա նշել է, որ
ինքը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում: Այնուամենայնիվ, քաղաքական գործչի խոսքով,
քննարկվում են տարբեր սցենարներ՝ սկսած
ռազմական հարվածներից՝ «երաշխավորելու համար, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք», վերջացրած «խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծմամբ»:
«Կարծում
եմ՝ մենք բոլորս նախընտրում ենք դիվանագիտական տարբերակը: Բայց դա իսկապես կախված է նրանից, թե ինչ կանեն և ինչ կասեն իրանցիները»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը: