Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ «բացահայտ պատերազմ» սկսելու մասին: Նա այս մասին գրել է X սոցցանցում։
Նրա խոսքով՝ թալիբների կառավարությունը Աֆղանստանը վերածել է «հնդկական գաղութի», երկրում հավաքել է «ամբողջ աշխարհի ահաբեկիչներին» և սկսել է «արտահանել» ահաբեկչությունը, ինչպես նաև զրկել է իր ժողովրդին հիմնական իրավունքներից։
«Պակիստանը բոլոր ջանքերը ներդրել է նորմալ իրավիճակը պահպանելու համար՝ ուղղակիորեն և բարեկամ երկրների միջոցով։ <…> Սակայն թալիբները դարձել են Հնդկաստանի խամաճիկները: Այսօր, երբ նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում գործել Պակիստանի վրա, մեր ուժերը տալիս են վճռական պատասխան»,- գրել է նախարարը։
Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Քաբուլին և Պակտիա ու Կանդահար նահանգներին, հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 133 թալիբ և վիրավորվել ավելի քան 200-ը։
Իր հերթին Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 26-ի գիշերը գրավել է Պակիստանի երկու բազա և 19 անցակետ։ Գերատեսչության պնդմամբ՝ զոհվել է 55 պակիստանցի զինվոր։