Դավոսի տնտեսական ֆորումի ղեկավարը հրաժարական է տվել՝ Էպշտեյնի հետ կապերի պատճառով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) նախագահ և գլխավոր տնօրեն Բյորգե Բրենդեն հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականից:


Բրենդեի հայտարարության մեջ ասվում է, որ նա այդ որոշումը կայացրել է «մանրամասն դիտարկելուց հետո»։ «Ես կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է, որ ֆորումը շարունակի իր կարևոր աշխատանքը առանց շեղող գործոնների»,- Բրենդեի խոսքերը մեջբերել է Reuters-ը։


Ավելի վաղ Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայողական հետաքննություն են անցկացնելու Բյորգե Բրենդեի և ֆինանսիստ ու սեքսուալ հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի կապերի վերաբերյալ։ ԱՄՆ արդարադատության նախարարության  հրապարակած Էպշտեյնի ֆայլերում ասվում է, որ Բրենդեն երեք անգամ ընթրել է ֆինանսիստի հետ, ինչպես նաև փոխանակվել է նրա հետ էլեկտրոնային նամակներով և տեքստային հաղորդագրություններով։