Նյու Յորքի ոստիկանությունը փնտրում է երկու անձի, ովքեր ձնագնդեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ոստիկան գլխի, պարանոցի և դեմքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Ոստիկանության աշխատակցի վրա հարձակման համար հետախուզվում են երկու անձ, ովքեր դիտավորյալ մի քանի անգամ ձյուն և սառույց են նետել աշխատակիցների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», — ասված է ոստիկանության X-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ըստ The New York Times-ի՝ փետրվարի 24-ին քաղաքի այգիներից մեկում ձյունամրրիկից հետո ծրագրվել էր ձնագնդի մասսայական խաղ։ Այգում հավաքվել էին տասնյակ մարդիկ։ Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանները՝ ամբոխին վերահսկելու նպատակով, սակայն ինչ-որ պահի հավաքվածները սկսել են ձնագնդեր նետել նրանց ուղղությամբ։
Միջադեպը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների քաղաքային իշխանությունների միջև. Կոմիսար Ջեսիկա Թիշն ընդգծել է կատարվածի հանցավոր բնույթը։ Ոստիկանական արհմիության ղեկավարը քննադատել է այն մոտեցումը, թե սա «խաղ» էր՝ նշելով, որ «մեծահասակ մարդիկ սառույցի կտորներ ու քարեր են նետել» աշխատակիցների վրա։