Քաղաքականության հայտնի կանոնն է՝ կառավարող ուժն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, ընդդիմությունն էլ ամեն ինչ անում է իշխանության գալու համար։ Խնդիրն այն է, սակայն, թե ինչ կերպ, ինչ եղանակով ու գործիքակազմով են այս երկու սուբյեկտները փորձում իրագործել իրենց նպատակները՝ «պահելն» ու «գալը»։ Քաղաքական նախկին ռեժիմը, սակայն, ուներ մի առանձնահատկություն ժողովրդին սահմանադրորեն պատկանող շնորհի՝ իշխանության հետ հարաբերություններում։ Գաղտնիք չէ, որ այդ շնորհը մեկ անգամ խլվել էր ժողովրդի ձեռքից, ուզուրպացվել ու ըստ «տաբելի»՝ ընտրություն անվան տակ իրականացվող կեղծ բեմադրության միջոցով փոխանցվում էր «ա»-ից «բ»-ին՝ Քոչարյանից Քոչարյանին, հետո՝ Սերժին, հետո՝ նորից Սերժին, Սերժից վերստին Սերժին, մինչև որ․․․ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ 2018 թվականի սեպտեմբեր ու դեկտեմբեր ամիսներից սկսած, երբ հեղափոխության բերումով տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ և ԱԺ արտահերթ ընտրությունները, ժողովուրդը վերստին վերստանձնեց իրեն պատկանողը՝ իշխանությունը՝ այն պատվիրակելով իր կողմից ընտրված քաղաքական ուժերին և ապագա կառավարիչներին։ Այս կանոնը՝ ժողովրդի կամքի ու քվեի վրա բռնանալու «հին ավանդույթի» մերժումը, նկատենք, անխախտ է ցայսօր և ապացուցվում է այս ընթացքում տեղի ունեցած մի շարք ընտրություններով։
Հիշեցնենք՝ 2018-ից հետո ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել ԱԺ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ։ Համայնքների
մի մասում, ի զարմանս ու միաժամանակ ի ցնծություն
նախկին ռեժիմի, ընտրվել են ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ միանձնյա կամ կոալիցիայի տեսքով
ստանձնելով տվյալ համայնքների կառավարումը։ Ամենաթարմ օրինակը նախորդ տարի մարտին Փարաքարում
տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունն էր, որի ժամանակ «Միասնություն» ընդդիմադիր դաշինքը
միանձնյա ստանձնեց համայնքի կառավարումը՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Գյումրի
համայնքում էլ, որը, այսպես ասած՝ ռադիկալ ընդդիմության հաղթանակի էտալոնն է, իշխանությունը
(համայնքի կառավարումը) անցավ ընդդիմությանը՝
Վարդան Ղուկայանի գլխավորությամբ։ Վերհիշենք՝ «Գյումրի» օպերացիան տեղի ունեցավ ընդդիմադիր
երեք ուժերի (Կոմկուսը չհաշված)՝ սերժա-քոչարյանական «հովանու» ներքո գտնվող «Իմ հզոր համայնք»-ի, «Մայր Հայաստան»-ի, «Մեր քաղաքը»
դաշինքի քվեարկության արդյունքում։ Նույն՝ Գյումրիի օրինակով իշխանությունը «վերցնելու»
ընդդիմության մարտավարությանը ականատես եղանք նախորդ տարի նոյեմբերին Վաղարշապատ համայնքում
տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ ռադիկալ ընդդիմադիր ուժերը
տարբեր ճակատներ կազմած՝ մասնակցեցին ընտրապայքարին, «Փարաքար»-ի հաղթանակը կրկնելու
խոստումներ տվեցին իրենց ընտրողին, սակայն այդպես էլ չկարողացան հասնել իրենց փափագին։
ԱԺ
գալիք ընտրությունների նախընթաց այս
շրջանում, նկատենք, կրկին ակտիվացվել է «Գյումրի 2» անելու մասին խոսույթը, ակտիվացնողն էլ, նկատենք,
«Գյումրի 1»-ի համը բերանում մնացած ռադիկալ
ընդդիմությունն է։ Քաղաքական ուժերի գրեթե նույն «սաստավն» իր ընտրողին
«խոստանում» է այդ սցենարով խորհրդարանում էլ վերցնել իշխանությունն ու վերջապես իշխանազրկել ՔՊ-ին։ ՔՊ-ն էլ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով վստահություն
է հայտնում, որ չի լինելու նախկին ռեժիմի ու դրան աֆիլացված օլիգարխիայի
վերարտադրություն։ «Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերն իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Բոլոր նախկին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ»,- մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ապշեցուցիչն այն է, որ իշխանությունը
2018-ի հեղափոխությամբ ժողովրդին վերադարձրած քաղաքական ուժն ու դրա ղեկավարը մեղադրվում
են հակաժողովրդավարական հայտարարություն անելու, ժողովրդի կամքին կանխավ բռնանալու
մեջ։ Լավ է՝ չեն մեղադրում գալիք ընտրությունների արդյունքները կանխավ կեղծած, նկարած,
եթե կուզեք՝ «ինչքան ուզես, էդքան փխած» լինելու մեջ։ Նախօրեին էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն
Ռուբինյանն էր ստիպված պարզաբանել «Գյումրի
2 թույլ չենք տալու՝ կանխելու ենք» արտահայտությունը՝ մասնավորապես շեշտելով՝ «մարդիկ պետք է տան
«զրո» քվե Քոչարյանին և օլիգարխներին, որովհետև մենք տեսել ենք՝ ինչպիսի իշխանություններ
են Քոչարյանն ու օլիգարխները, ինչպես են կառավարում, և այլևս չենք ուզում նման կառավարում»։
Ճշգրտմանը՝ իսկ եթե ժողովուրդը քվե տա, ի՞նչ է անելու կառավարող ուժը, Ռուբինյանն արձագանքել
է՝ եթե տա, ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, «և երբ ես ասում եմ՝ թույլ չենք տալու,
նկատի ունեմ՝ մենք և ժողովուրդն իր քվեով թույլ չենք տալու․․․»: Ասվածի մեջ բանալի բառը «քվե»-ն է, և դրա տերը՝ «ժողովուրդ»-ը,
որոնք էլ, ինչպես նշեցինք, 2018-ի հեղափոխությունից հետո կրում են ՀՀ-ում ընտրական
պրոցեսի ողջ պատասխանատվությունն իրենց ազատ կամարտահայտմամբ։
Այս պարզ, հասկանալի, ըմբռնելի
ճշմարտությունն է, որ ընդդիմությունն ու դրան սպասարկող քարոզչամեքենան այդպես էլ ի
վիճակի չեն ընկալել, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր առանց ընտրակեղծիքի,
ընտրակաշառքի ու ընտրական մի շարք զազրելի աճպարարությունների իշխանություն ստանալ՝
իշխանության գալ ու իշխանություն պահել՝ այն
նորից հայցելով ու ստանալով դրա տիրոջից՝ ժողովրդից։
Հեղինե Մանուկյան