Մեքսիկայի իշխանությունները առաջին անգամ հրապարակել են մանրամասներ «Էլ Մենչո» մականունով հայտնի Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսի ոչնչացման հատուկ գործողության վերաբերյալ։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ կարտելի առաջնորդի գտնվելու վայրը հաջողվել է պարզել նրա անձնական և ռոմանտիկ կապերի վերաբերյալ հետախուզական տվյալների շնորհիվ։ Նա հայտնաբերվել է Խալիսկո նահանգի փոքր քաղաքներից մեկում գտնվող թաքստոցում։
Կիրակի վաղ առավոտյան իրականացված հատուկ գործողության և դրան հաջորդած բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է առնվազն 62 մարդ։ Զոհերի թվում են ազգային գվարդիայի զինվորական ոստիկանության 25 ծառայողներ և Ջալիսկոյի նոր սերնդի կարտել-ի (CJNG) առնվազն 34 ենթադրյալ անդամներ։
Բռնությունները տարածվել են երկրի տարբեր շրջաններում․ կարտելի կողմնակիցները ավելի քան տասը նահանգներում հրկիզել են տրանսպորտային միջոցներ և կազմակերպել ճանապարհային արգելափակումներ։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է։ Նրա խոսքով՝ ճանապարհային արգելափակումների մեծ մասն արդեն վերացվել է, և իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։
Միաժամանակ, իշխանությունները Խալիսկո նահանգում՝ CJNG-ի հիմնական հենակետում, տեղակայել են շուրջ 2000 զինծառայող՝ անվտանգության միջոցառումները խստացնելու նպատակով։ Նահանգի առափնյա քաղաքներում բնակիչներն ու զբոսաշրջիկները մտահոգված են բռնությունների հնարավոր ընդլայնմամբ դեպի երկրի այլ շրջաններ։
«Էլ Մենչոյի» մահը դիտարկվում է որպես լուրջ հարված CJNG-ին՝ ազդեցիկ և լայնածավալ հանցավոր կառույցին, և կարևոր ձեռքբերում Մեքսիկայի կառավարության համար՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ի կողմից կարտելների դեմ պայքարի խստացման կոչերի համատեքստում։