S&P Global ամերիկյան միջազգային ընկերությունը ՀՀ-ի կանխատեսումը վերանայել է դեպի դրական՝ աճի և տարածաշրջանային անվտանգության հնարավոր բարելավման հիման վրա. Վարդանյանը մանրամասնել է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը գրել է.


«S&P Global-ը (Standard & Poor’s) ամերիկյան միջազգային ընկերությունը Հայաստանի կանխատեսումը վերանայել է դեպի դրական՝ աճի և տարածաշրջանային անվտանգության հնարավոր բարելավման հիման վրա։


Կառավարության համախառն զուտ պարտքի չափավոր մակարդակը՝ ՀՆԱ-ի 43%-ը, ճկուն փոխարժեքը և համախառն միջազգային պահուստները, որոնք հունվարին հասել են ռեկորդային 5.2 միլիարդ ԱՄՆ դոլարի (ՀՆԱ-ի 18%), ապահովում են կարևոր պաշտպանական բուֆերներ անկանխատեսելի արտաքին զարգացումների պայմաններում։

Մինչդեռ մեկ տարի առաջ դրանք կազմել էին մոտ 3.3 միլիարդ դոլար։


2022–2025 թվականներին Հայաստանի տնտեսական աճը միջինում կազմել է բարձր՝ 7.8%, ինչը S&P Global ընկերության կողմից գնահատվող 143 ինքնիշխան երկրների շարքում ամենաբարձր աճի տեմպերից մեկն է։


Եվ մի քանի կետով անդրադառնամ, թե ինչու են կարևոր S&P Global ընկերության այս արձանագրումները՝


Միջազգային վստահություն – այս գնահատականները բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը ֆինանսական շուկայում։


Ներդրումային հոսքեր – դրական գնահատականն ու աճի ցուցանիշները խրախուսում են օտարերկրյա ներդրումները։


Ֆինանսական կայունություն – պարտքի վերահսկելի մակարդակն ու բարձր պահուստները ապահովում են երկրի դիմացկունություն արտաքին ռիսկերի նկատմամբ։


Տնտեսական պլանավորում – կառավարությունը կարող է ավելի վստահ պլանավորել զարգացումներ և սոցիալական ծրագրեր»։